
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով կոչ է անում օլիմպիական զինադադար հաստատել 2026թ. Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում կայանալիք ձմեռային խաղերի ժամանակ:
«Խաղաղ և ավելի լավ աշխարհի կառուցում սպորտի և օլիմպիական իդեալների միջոցով» վերնագրով բանաձևի նախագիծն ընդունվել է կոնսենսուսով։
«Մենք պետք է համատեղ աշխատենք սպորտը քաղաքականությունից առանձնացնելու համար։ Սա նշանակում է, որ մարզիկները պետք է կարողանան մրցավայրերում և ասպարեզներում միայն պայքարել ու չմասնակցել քաղաքական բախումներին », - ասել է միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիրստի Քովենթրին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի 165 անդամ պետություններին, որոնք համահեղինակել են բանաձևը:
«Այսօր, երբ դուք ընդունում եք այս փաստաթուղթը, այն հաստատում է, որ օլիմպիական շարժումը և միավորված ազգերի կազմակերպությունը ունեն նույն նպատակը. միավորել մարդկանց, պահպանել մարդկային արժանապատվությունը, կառուցել խաղաղության կամուրջներ», - հավելել է ՄՕԿ –ի նախագահը:
Իտալիայի Միլանո Կորտինա 2026-ի կազմկոմիտեի նախագահ Ջովաննի Մալագոն ՄԱԿ-ի անդամ պետություններին հիշեցրել է. «Սա ուղերձ և սկզբունք է, որը խոր արմատներ ունի իտալական մշակույթում և պատմության մեջ: Դեռևս վերածննդի դարաշրջանի նկարիչներ, գրողներ և փիլիսոփաներ Միքելանջելոն, Լեոնարդոն և Լորենցո դե Մեդիչին, առաջ են մղել գեղեցկության, բանականության և ներդաշնակության համընդհանուր թեմաները։ Խրախուսելով մշակույթը և երկխոսությունը, նրանք հիմք են դրել ժամանակակից դիվանագիտությանը, փոխել հեռանկարը՝ առաջնահերթուոթյուն տալով մարդկանց արժանապատվությանն ու հարգանքին»:
Օլիմպիական զինադադարի ավանդույթը հաստատվել է Հին Հունաստանում՝ հունական քաղաք-պետություններից խաղեր եկած բոլոր մարզիկների և հանդիսականների համար մրցումների անվտանգությունը ապահովելու նպատակով: