ՄԱՐԶԱՍԵՐԸ ՏԵՍԱՎ ՄԵԾ ԲԱՍԿԵՏԲՈԼ

10:57 - 01 Դեկ, 2025

. . .  Իհարկե շատ էինք ուզում, որ Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի հավաքականը  Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլի ծրագրով նորվեգների հետ երևանյան խաղում հաղթեր: Բայց մարզաձևին մոտ կանգնած մասնագետները  գիտակցում էին, որ տանտերերի հաղթանակի մասին մտածելը իրատեսական չէ: Նշենք, որ Հայաստանի թիմը առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի ուժեղագույն թիմերի մրցավեճին, որ բարձրահասակ սկանդինավցիները մարզաձևում հարուստ կենսագրություն ու փորձ ունեն, որ նրանց թիմը ամբողջովին համալրված է տեղական ներկայացուցիչներով, որոնք միմյանց հնարավորություններին ու մարզական նախասիրություններին քաջատեղյակ են, կա թիմակիցների խաղակցվածության կարևոր գործոնը և այլ անհրաժեշտ բաղադրիչներ:

Արժանին պետք է մատուցել մեր ընտրանու խաղացողներին: ԿԳՄՍ նախարարության  սպորտի կառավարման կենտրոնի ենթակայության մարզապալատում նրանք ջանք չխնայեցին հաջողության հասնելու, տրիբունաները ծանրաբեռնած մարզասերներին ուրախացնելու համար: Վերջնական հաղթանակ տանելու հույսեր էլ առկայծեցին: Քանիցս մեր թիմը հինգ, վեց , նույնիսկ ՝ յոթ միավորով առաջ անցավ հյուրերից: Բայց ուրախությունը երկար չէր տևում, քանզի նորվեգ գուլիվերները տարբեր դիրքերից երեք միավորանոց դիպուկ նետումներ էին կատարում, որոնցով մեր մարզասերին ուրախացնում էր միայն թիմի անխոնջ  ավագ Անդրե Սփայթ-Մկրտչյանը, որը  վաստակեց   30 միավոր:

ՀՀ հավաքականը պարտվեց / 62 : 74 /, բայց մարզասերը տեսավ հիրավի մեծ, դիտարժան, հետաքրքիր  բասկետբոլ:

Մարտի երկուսին ՀՀ ազգայինը Երևանում կմրցի բուլղարների հետ:

Այլ նորություններ