
Տարին բոլոր մարզական հևքն է թևածում Ծաղկաձորի օլիմպիական մարզավանում: Այնտեղ պայմանները և բնությունը հրաշալի են: Հատկապես տեղացած առատ ձյան հաստ շերտը այցելուներին հնարավորություն է տալիս թարմ օդում կոփել իրենց առողջությունը: Ձյան ծածկույթը ակոսողների թվում կլինեն նաև Հայաստանի տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ:
Հունվարի 10 –ից մրցաշրջանի նախապատրաստական առաջին ուսումնամարզական հավաքը կսկսեն մեր երկրի հունահռոմեական ոճի ըմբիշները:
Հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը զրույցի ժամանակ ասաց, որ մարզումների են հրավիրվել 36 տղաներ: Շեշտը դրվելու է ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավելուն: Երկշաբաթյա աշխատանքից հետո պարապմունքները կշարունակվեն Երևանում:

Նոր մրցաշրջանը հագեցած է միջազգային մրցումների խիտ գրաֆիկով: Հունահռոմեականների համար առաջին մրցուղերթը կլինի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում փետրվարի հինգին մեկնարկող միջազգային մրցաշարը: Մեր երկիրը մրցավայր կգործուղի << հարուստ թիմ >>, քանզի մարզչական խորհուրդը, փորձառուներից բացի, նպատակ ունի ստուգել նաև երիտասարդ ըմբիշների ընդհանուր պատրաստականության մակարդակը:
- Տուն վերադառնալուց հետո կշարունակվեն մարզումները: Ցանկություն կա ընթացքում տղաներին ևս 1 – 2 միջազգային ստուգողական մրցաշարերի ուղարկել: Ուզում ենք, որ Սերբիայի Զրենջանին քաղաքում մարտի 9 –ին սկսվելիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում մրցավայրին բարձր տրամադրությամբ հրաժեշտ տան մեր պատվիրակները: Հապա հաջորդ ամսի երրորդ տասնօրյակում Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք եվրոպական երկրների գլխավոր թիմերի միջև անցկացվելիք ստուգատեսը՝ Եվրոպայի առաջնությունը . . . Ըմբիշի համար չափազանց մեծ պատիվ է դառնալ Հին աշխարհամասի չեմպիոն կամ՝ մրցանակակիր:
Գլխավոր մարզչի խոսքերը հիշեցրին անցյալ տարեվերջում տեղի ունեցած Հայաստանի առաջնությունը, որի ավարտից հետո նա խոստովանել է, որ բավականություն է ստացել ծավալված գոտեմարտերի ընթացքից. ի հայտ են եկել նոր անուններ ու մի շարք երիտասարդներ հաղթանակներ են տոնել փորձառուների նկատմամբ, ուստի նոր մրցաշրջանում հավաքականի կազմը որոշ փոփոխություններ կկրի . . .