ՀՈՒՆԻՍՅԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՎ

11:57 - 13 Հուն, 2026

Նոր մրցաշրջանը  հարուստ է ձյուդո մարզաձևի  նշանակալի իրադարձություններով: Փարիզի խաղերի ավարտից գրեթե երկու   տարի  հետո, առաջիկա հունիսի 19 – 21 –ը Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում կայանալիք միջազգային մրցաշարով կմեկնարկի  LA - 28 օլիմպիական խաղերի  վարկանիշային միավորների համար մղվող պայքարը:Մարզաձևում շարունակական բնույթ են կրում միջազգային մրցումները: Փետրվարից միմյանց կհաջորդեն տարբեր երկրներում նախատեսված  միջոցառումները: Տատամի կելնեն նաև մեր երկրի ներկայացուցիչները:

Հավաքականի գլխավոր մարզիչ,անվանի ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը զրույցում ասաց, որ առայժմ մարզիկները տեղերում պարապում են անձնական մարզիչների ղեկավարությամբ: Նպատակ կա առաջին հավաքը անցկացնել փետրվարին՝  Ծաղկաձորում:

Մեզանում կան շնորհալի տղաներ, որոնք հուսալի մրցելույթներ են ունենում տարիքային տարբեր խմբերի մասնակցությամբ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում և միջազգային մրցաշարերում:

Գլխավոր մարզիչը տեխնիկատակտիկական որակների առումով  դրական է գնահատում սաների պատրաստականությունը: Գոհ է նաև տեղերում աշխատող իր գործընկերներից, որոնք նաև  ցավեցնող ու խեղդող հնարքներ են ուսուցանում պարապողներին: Այս մասին վկայում են նաև հանրապետական ստուգատեսները: Թեկուզ նշենք Չարենցավանում   մեկ ամիս առաջ  անցկացված ՀՀ առաջնությունը: Հայտավորված շուրջ 70 մասնակիցների հանդիպումներում  բազմիցս կիրառվեցին նշած որակները: Հաճելի է, որ հուսալի պաշտպանություն նույնպես ցուցադրեցին գոտեմարտողները:

Ընդհանուր վիճակից դժգոհելու առիթներ նույնպես կան: Հենց այն, որ մասսյականությունը և աշխարհագրությունը փոքր է, վկայում է ասածը: Չարենցավանի ստուգատեսին մասնակցեցին Երևանի, Արմավիրի,Կոտայքի, Շիրակի և  Լոռու մարզերի ներկայացուցիչները։

Անդրադառնալով Լոս Անջելեսի խաղերին, ասենք, որ համապատասխան քանակի վարկանիշային միավորներ ի վիճակի են ձեռք բերել  Աշիկ Անդրեյանը, Վահե Աղասյանը  / երկուսն էլ ՝  60 կգ /,  Արտակ Թորոսյանը / 73 կգ /, Գոռ Կարապետյանը/ 90 կգ / . . .  

Վերջում նշենք, որ անկախ Հայաստանի պատմությունում մեր երկրից օլիմպիական խաղերում  հանդես են եկել հինգ ձյուդոիստներ ՝ Արսեն Գևորգյանը / 1996թ. /,Վարդան Ոսկանյանը / 2000թ. /, Արմեն Նազարյանը  2004, 2008,  2012թթ./ Հովհաննես Դավթյանը /  2008, 2012,  2016թթ. / և Ֆերդինանդ Կարապետյանը / 2020թ. /:  

Հուսանք, որ ԱՄՆ  - ում կայանալիք համաշխարհային գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը ձյուդույում դարձյալ կունենա իր պատվիրակը:

 

Այլ նորություններ