
Միջազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է ձմեռային խաղերի հավանական վայրերի թիվը կրճատելու հնարավորությունը՝ գլոբալ տաքացման պատճառով:
Ըստ Վաթեռլոոյի համալսարանի պրոֆեսոր Դանիել Սքոթի և Ինսբրուկի համալսարանի դոցենտ Ռոբերտ Շտայգերի ուսումնասիրության՝ 93 լեռնային վայրերից, որոնք ներկայումս ունեն բարձրակարգ մակարդակի մրցումներ անցկացնելու ենթակառուցվածքներ, միայն 52-ում է կանխատեսվում, որ կլինի անհրաժեշտ ձյան հաստությունը և բավականաչափ ցուրտ ջերմաստիճանը 2050-ականների խաղերը հյուրընկալելու համար։ 2080-ականներին այդ թիվը կարող է նվազել մինչև 30, կախված նրանից, թե որքանով կպակասեն ածխաթթու գազի արտանետումները։
Նշվում է, որ ՄՕԿ-ը առաջնահերթություն է տալիս այն վայրերին, որոնցում արդեն իսկ գոյություն ունեն մարզահամալիրների առնվազն 80%-ը, ինչը հետագայում նեղացնում է հավանական հյուրընկալողների շրջանակը։
Դիտարկումը ցույց է տալիս, որ դարի կեսերին գործնականում չի մնա ոչ մի վայր, որը կարող է հյուրընկալել ձմեռային մարզական մրցումներ՝ առանց արհեստական ձյան։ Նախկին մի քանի հյուրընկալող քաղաքներ կարող են չհամապատասխանել կլիմայական դիմադրողականության չափանիշներին մինչև 21-րդ դարի կեսերը: Դրանց թվում են Գրենոբլը և Շամոնիսը (Ֆրանսիա), Գարմիշ-Պարտենկիրխենը (Գերմանիա) և Սոչին, իսկ Վանկուվերը (Կանադա), Սարաևոն (Բոսնիա և Հերցեգովինա), Օսլոն (Նորվեգիա) և Պալիսադես Տահոն (ԱՄՆ), դասակարգվում են որպես բարձր ռիսկի կլիմայական գոտիներ:
Ստոսը ընդգծում է, որ ապագայում, կլիմայի փոփոխության պատճառով, ՄՕԿ-ը ստիպված կլինի կրճատել մարզաձևերի, մարզիկների և հանդիսականների թիվը, մրցումները ավելի վաղ անցկացնելու հնարավորությունը: Սա մասամբ պայմանավորված է պարալիմպիկ խաղերով, որոնք սկսվում են օլիմպիական խաղերի ավարտից երկու շաբաթ անց՝ մարտ ամսին, երբ եղանակը չափազանց տաք է դառնում նման մրցումների համար:
Նշենք , որ առաջիկա ձմեռային խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում, իսկ հաջորդը / 2030թ. /՝ Ֆրանսիայի Ալպերում, 2034 –ինը ՝ ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում: