ՌԵԿՈՐԴ ՝ ՅՈԹԱՄՅԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ

12:37 - 12 Փետ, 2026

Ինչպես հայտնել ենք, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում փետրվարի 21 –ին կմեկնարկի Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունը:

Ստուգատեսին լավ մասնակցելու նպատակով Հայաստանի հինգ մարզիկներ նշած մրցավայրում անցկացնում են ուսումնամարզական – նախապատրաստական հավաք: Ընթացքի մասին հեռակապով զրուցեցինք ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի հետ: Ասաց, որ ամենօրյա անհատական մոտեցումներ են դրսևորում աթլետների հետ:

Զրուցակիցը հավելեց, որ բալկանյանի նախօրերին թիմին կմիանան մեր ևս երեք մարզիկներ: Մարզումային պայմաններից մերոնք գոհ են և պարապմունքները ծառայում են նպատակին:

Գրիգոր Բարսեղյանը նաև ուրախալի լուր հայտնեց: Երեկ ՝ փետրվարի 11 –ին, Բելգրադի աթլետիկայի գլխավոր ծածկած մրցասպարեզում տեղի ունեցավ << Ոսկե տուր >> անվանումով միջազգային բարձրագույն կարգի մրցաշարի առաջին փուլը: Սովորաբար այդ մրցումներին հայտավորվում են ավելի քան 40 երկրի նշանավոր ներկայացուցիչներ. Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ:  

ՀՀ ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, անվանի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի միջնորդությամբ աստղերի ստուգատեսին մասնակցելու թույլտվություն ստացավ նաև մեր առաջատար Երվանդ Մկրտչյանը: Նա հանդես եկավ 3000 մ վազքում, գրավեց չորրորդ տեղը  և . . . սահմանեց երկրի  նոր ռեկորդ՝ 7:55.51: Այն նախկինում հավասար էր  7:59.80 –ի և գրանցվել էր 2019թ. Ստամբուլի միջազգայինում: Նշենք, որ Երվանդի ռեկորդային վազքին մասնակցած աստղային տասնյակի  առաջին եռյակում տեղ գտան միայն աֆրիկացի սևամորթները: Արժե նաև ընդգծել , որ մրցումներում, հեռացատկորդների պայքարում, բարձր արդյունքով մրցաշրջանը նշանավորեց բուլղարացի Բոժիդար Սարաբոյուկովը ՝ 8մ. 45 սմ.:

 

Այլ նորություններ