
2026, 2030 և 2034թթ. ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեները համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Նշած կազմակերպությունները միասին աշխատանքներ կտանեն օլիմպիական ժառանգության ստեղծման նպատակով:
Փաստաթղթում նշվում է, որ մրցաշարերի կազմակերպիչները՝ Միլանը և Կորտինա դ'Ամպեցոն, Ֆրանսիական Ալպերը ու ԱՄՆ Յուտա նահանգը կհամագործակցեն մարզիկների համար պայմանների բարելավման, շրջակա միջավայրի պահպանման և խաղերի համար երկարաժամկետ ժառանգություն ստեղծելուն ուղղված նախագծերի և հետազոտությունների շուրջ:
Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսը ասել է, որ պատմության մեջ առաջին անգամ երեք կազմկոմիտեների ներկայացուցիչները միավորվել են: Սա լավ է նաև միջազգային հարաբերությունների համար:
Քոքսը հիշեցրել է, որ Սոլթ Լեյք Սիթիում անցկացված 2002թ. մարզահանդեսը դեռևս համարվում է օլիմպիական ժառանգություն կառուցելու մոդել. շատ մարզադաշտեր և ենթակառուցվածքներ դեռևս օգտագործվում են:
Նշենք, որ վերջերս Միլանում կայացած ՄՕԿ-ի նստաշրջանում 2030 և 2034թթ. ձմեռային խաղերի կազմակերպիչները հաշվետվություն են ներկայացրել միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։