
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ ի պատասխան այն ենթադրությունների, որ որոշ միջոցառումներ կարող են անցկացվել և՛ ամառային, և՛ ձմեռային խաղերի ժամանակ։
Միլանի և Կորտինա դ'Ամպեցոյի խաղերը ավարտվեցին, և կազմակերպիչներն արդեն սպասում են Լոս Անջելեսում կայանալիք 2028թ. ամառային խաղերին։ Ծրագրի համար արդեն պաշտոնապես հայտարարվել է հինգ նոր մարզաձև՝ կրիկետ, բեյսբոլ/սոֆթբոլ, դրոշ - ֆուտբոլ, լաքրոս և սքվոշ։ Մինչդեռ, Ֆրանսիայի Ալպերում 2030 թ. նախատեսված ձմեռային օլիմպիական խաղերի միջոցառումների ցանկը դեռևս որոշված չէ։ Այն վերջնականորեն կհաստատվի ՄՕԿ-ի գործկոմի նիստում՝ առաջիկա հունիսին։
«Միայն պաշտոնապես ճանաչված միջազգային ֆեդերացիաների մարզաձևերը կարող են ներառվել կամ սկզբնական ծրագրում, կամ որպես լրացուցիչ մարզաձևեր, որոնց առաջարկում է օլիմպիական խաղերի կազմակոմիտեն:
ՄՕԿ-ի պաշտոնական ճանաչմանը դիմելիս հաշվի են առնվում մի շարք գործոններ։ Դրանք ներառում են (բայց չեն սահմանափակվում) մարզաձևի զարգացումը, հասանելիությունը, կառավարման կառուցվածքը, ֆինանսական կայունությունը, միջազգային մրցումների կազմակերպումը, մարզիկների ներկայացվածությունը, անվտանգության միջոցառումները և համընդհանրության չափանիշներին համապատասխանելը:
Միջազգային այն ֆեդերացիաները, որոնք համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին, կքննարկվեն ՄՕԿ-ի պաշտոնական ճանաչման համար», - գործընթացի մասին ասվում է ՄՕԿ- ի հաղորդագրությունում:
Այնուամենայնիվ, շարունակվում են ենթադրությունները, որ որոշ մարզաձևեր կարող են տեղափոխվել ամառային խաղերից՝ ձմեռայինում:
ՄՕԿ-ի աշխատանքային խմբում եղել է նաև կարծիք այն մասին, որ քրոս քանթրի վազքը և հեծանվավազքը մեծ հավանականություն ունեն ընդգրկվելու 2030թ. ձմեռային խաղերում։
«Կարծում եմ՝ այս հարցը ճիշտ ժամանակին է ի հայտ եկել, քանի որ ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրին ակնհայտորեն պատրաստ է նորովի նայել ծրագրին և այն ամենին, ինչը կարող է տարածվել մարզադաշտից այն կողմ՝ ձմռան և ամռան այս համադրությանը։ Ես միշտ ցանկացել եմ, որ քրոս քանթրի վազքը վերադառնա, և դրա համար կան բազմաթիվ պատճառներ։ Դրանցից մի քանիսը հուզական են։ Բայց դա նաև Աֆրիկային լիարժեք ներկայություն կտա ձմեռային խաղերում», - ասել է աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Սեբաստիան Քոուն։
«Ապագայի համար պիտանի» գործընթացի շրջանակներում ստեղծված աշխատանքային խումբը ներկայումս կենտրոնացած է 2030թ. կայանալիք ձմեռային խաղերի ծրագրի (ներառյալ՝ մարզաձևերը, միջոցառումները և քվոտաները) կատարելագործման վրա։