
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
«Ծանրամարտի երիտասարդների ու պատանի աղջիկների հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Գյումրի քաղաքում:
Վիգեն Խաչատրյանի գլխավորած երիտասարդների ընտրանին նախապատրաստվում է Եգիպտոսի Իսմայիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը (մայիսի 1-8-ը):
«Հավաքները սկսելուց առաջ մենք խորհրդակցեցինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի հետ: Հեղափոխություն արեցինք երիտասարդական հավաքականում և այժմ 4-րդ հավաքն է, որն անցկացնում ենք այս տարվա ընթացքում:
Հավաքների նպատակն է, որ շատ քանակով երիտասարդ տղաների հավաքենք: Այս երիտասարդները կարող են համալրել մեծահասակների հավաքականը: Այժմ մենք պատրաստվում ենք մայիսին կայանալիք աշխարհի առաջնությանը»,-ՀԾՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Այս օրերին կանանց պատանիների հավաքականը մեծաթիվ ծանրորդներով ևս ուսումնամարզական հավաքի մեջ է: Քրիստինե Պետրոսյանի ղեկավարած թիմի ծանրորդները նախապատրաստվում են Հայաստանի առաջնությանը (տղաների ու աղջիկների պատանեկան առաջնությունը կկայանա մայիսի 10-13-ը Երևանում):
«Այս տարիքային խմբի հետ աշխատանքում ամենակարևորը չշտապելն է, համբերատարությունն է, պատանիներին սովորեցնելն է հավաքների կարգուկանոնին: Այս ընթացքում աշխատում ենք նաև ծանրորդների տեխնիկական ունակությունների վրա: Այժմ հավաքին մասնակցում են 14 մարզիկներ: Այս հավաքին մասնակցող շատ հեռանկարային մարզիկներ ունենք»,-ՀԾՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասաց Պետրոսյանը»: