
Մարզասերը սովորաբար պակաս հետաքրքրություն է դրսևորում երիտասարդական մրցաշարերի նկատմամբ: Բայց այն ինչ երեկ տեղի ունեցավ Եգպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության աղջիկների մրցաշարում՝ սպասածից վեր էր:
86 կգ քաշայինների մրցավեճը լարվածությամբ և միմյանցից հետ մնալ չցանկացող անկոտրում կամքով օժտված աղջիկների եռյակը, կարծում ենք վեհացրեց նույնիսկ ամենախիստ քննադատներին:
Պայքարը մոտենում էր ավարտին, իսկ հաղթողին գուշակելը դեռևս անհնար էր: Եվ այդ պարագայում հաղթող եռյակից մեկը Եվրոպայի չեմպիոնուհի մեր Էմմա Պողոսյանն էր: Երբ նա հրումում երկրորդ մոտեցմամբ կարողացավ գլխավերևում պահել 142 կգ –ն, թվաց, որ մեր հավաքականի հաշվեկշռին, Աննա Ամրոյանից / 77 կգ / հետո, երկրորդ ոսկին է գրանցվում: Ավաղ, չստացվեց: Ճիշտ է, Էմման երրորդ մոտեցմամբ երկու կիլոգրամով ավելացրեց իր հնարավորությունը, սակայն թուրքմենուհի և չինուհի մարզուհիներից հետո, երկամարտի 253 կգ / 109 կգ + 144 կգ / արդյունքով, նա կանգնեց պատվանդանի << բրոնզե >> աստիճանին:
94 կգ քաշային տղաների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում 164 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց, իսկ ահա հրումում նա զրո ստացավ:
Առաջնությունը այսօր կհատի եզրագիծը: Մեր հավաքականից ծանրահարթակ կելնեն Գրիգոր Ղազարյանը / 110 կգ / և գերծանր քաշային Գագիկ Մկրտչյանը: