
«Ստերոիդներով օլիմպիական խաղերը», որի պաշտոնական անվանումն է Enhanced Games, կարելի է թարգմանել որպես «Բարելավված խաղեր»: Միջոցառումը, որը խոստանում էր հեղափոխություն իրականացնել սպորտում ՝ ժամանեց Լաս Վեգաս:
Կազմակերպիչները համոզված էին, որ մրցումները կնշանավորեն մարդկային հնարավորությունների նոր դարաշրջանի սկիզբը:
2023թ. մեկնարկած վիճահարույց նախագիծը ,, ձգտում էր իրեն ներկայացնել ,, որպես ավանդական օլիմպիական խաղերի մոդելի արմատական այլընտրանք:
Այնուամենայնիվ, առաջին խոշոր ցուցադրությունը թողեց բոլորովին այլ զգացողություն: Հինգ ժամից ավելի տևած մրցումներում ընդամենը մեկ մարզիկ գերազանցեց գործող համաշխարհային ռեկորդը, մինչդեռ մնացածը ավարտվեցին լռությամբ, անհաջող փորձերով և հիասթափեցնող ելույթներով:
Քառասուներկու մարզիկներ մրցեցին երեք մարզաձևերում՝ աթլետիկա, լող և ծանրամարտ: Նրանք հիմնականում կամ իրենց մարզական կենսագրության վերջնամասում են, անցյալում, կամ էլ որակազրկված՝ դոպինգային սկանդալների պատճառով:
Ի դեպ, բժիշկները հետևել են մարզիկներին ամբողջ մրցումների ընթացքում։
Երեկոյի միակ կարևորագույն պահը ցուցադրել է հույն լողորդ Քրիստիան Գոլոմեևը: Նա տղամարդկանց 50մ ազատ ոճում ցույց է տվել 20.81 վայրկյան արդյունք: Այդ ցուցանիշը 0.07 վայրկյանով ավելի արագ է, քան ճանաչված համաշխարհային ռեկորդը՝ 20.88, որը այս տարվա սկզբին սահմանել էր ավստրալացի Քեմերոն ՄաքԷվոյը:
Առաջին տեղի համար Գոլոմեևը ստացավ 250,000 դոլար, իսկ համաշխարհային ռեկորդի համար՝ 1 միլիոն դոլար։ Գոլոմեևը Հունաստանը ներկայացրել է չորս օլիմպիական խաղերում՝ 2012- 2024թթ. ու երբեք մեդալ չի նվաճել։
«Enhanced Games»-ի կազմակերպիչների հավակնոտ նպատակը 100 մետր վազքի նոր ռեկորդ գրանցելն էր։ Ցանկություն կար գերազանցել Ուսեյն Բոլտի պատմական՝ 9.58 արդյունքը։ Այնուամենայնիվ, օլիմպիական մեդալակիր և աշխարհի բազմակի առաջնությունների հաղթող Ֆրեդ Քըրլին շատ հեռու էր ճամայկացի վազորդի ժամանակից, նույնիսկ նրա անձնական լավագույն արդյունքից, և հազիվ գերազանցեց 10 վայրկյանը։ Լաս Վեգասի մրցուղում նա ցույց տվեց ընդամենը 9.97 ժամանակ։
Միայն 13 մարզիկ կարողացավ անձնական ռեկորդ սահմանել։
Միջոցառման ընթացքում հսկա էկրաններին ցուցադրվել են մասնակիցների շրջանում տեստոստերոնի, աճի հորմոնի և խթանիչների, դոպինգի օգտագործման տոկոսները և այլն:
Հատկապես բուռն քննարկման առարկա են դարձել բժշկական և էթիկական ռիսկերը: Մարզական ֆեդերացիաները, WADA-ն և ՄՕԿ-ը չճանաչեցին խաղերի արդյունքները և սպառնացել են մասնակիցներին դատապարտել ցմահ որակազրկմամբ։