ԼԵԳԵՆԴԱՐ ԾԱՆՐՈՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺ Է

10:47 - 15 Հուն, 2026

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան  տարածել է հետևյալ հաղորդագրությունը.  <<  Հայկական ու համաշխարհային ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանն այսօր՝ հունիսի 13-ին, կդառնար 70 տարեկան։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը, հավաքականների մարզչական շտաբի անդամները, հայկական սպորտի ներկայացուցիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին լեգենդար մարզիկին՝ ծաղիկներ խոնարհելով Յուրի Վարդանյանի շիրիմին: Օլիմպիական խաղերի, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանը հունիսի 13-ին կդառնար 70 տարեկան։

<< Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայկական ծանրամարտի լեգենդար ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն և մեծանուն ծանրորդ Յուրի Վարդանյանին, ով այսօր կդառնար 70 տարեկան։ Նրա ավանդն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային սպորտում։ Աշխարհի 7-ակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոնը ծանրամարտի նոր սերունդների համար վառ օրինակ է տաղանդի, աշխատասիրության և մարզաձևին նվիրվածության հարցում։ Արդեն ավանդույթ ենք դարձրել այցելել Վարդանյանի շիրիմին՝ խնկարկելու մեզ համար մարզաձևի մեծանուն մարզիկի հիշատակը>, - ՀԾՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընդգծեց, որ հայկական ծանրամարտի համար այս հիշարժան օրը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնում է, որ այսուհետ ֆեդերացիան կունենա Յուրի Վարդանյանի անվան անվանական մեդալը, որը կտրվի սպորտի նվիրյալներին ու հայկական ծանրամարտին մոտ կանգնած անձանց:

<< Մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 20-րդ դարի լավագույն մարզիկին՝ Յուրի Վարդանյանին: Այս օրը մեզ համար խորհրդանշական է: Պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել մեր լեգենդար մարզիկին, քանի որ մեր բազմաթիվ սերունդներ ոգեշնչվել են հենց Յուրի Վարդանյանից>>,- ընդգծեց Գասպարյանը>>  :

Այլ նորություններ