Հայաստանի լեռնադահուկային սպորտի եւ դահուկավազքի հավաքականները պատրաստվում են աշխարհի առաջնություններին: Դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանի խոսքով մրցաշարին մասնակցելու են այն մարզիկները, որոնք կունենան արդյունքներ.
«Մենք որդեգրել ենք մեկ սկզբունք՝ ինքնանպատակ որեւէ մրցաշարի չմասնակցել: Աշխարհի առաջնություններում մեր թիմերը փոքրաքանակ կլինեն: Դահուկավազքում կունենանք երեք տղա եւ երկու աղջիկ, իսկ լեռնադահուկային սպորտում` երկու տղա: Այս մրցաձեւում աղջիկների խնդիր ունենք:
Դահուկավազքի առաջատար Սերգեյ Միքայելյանի վարկանիշային միավորները բավարար են դասակարգման փուլին չմասնակցելու համար, նա միանգամից գլխավոր մրցաշարին կմասնակցի: Հայաստանի առաջնության արդյունքում դասակարգման փուլը կարողացավ շրջանցել նաեւ Միքայել Միքայելյանը: Մեր մնացած մարզիկները կմասնակցեն դասակարգման փուլին, որտեղ եւս պայքարը շատ մեծ է»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը կկայանա փետրվարի 7-18-ը՝ Շվեյցարիայում, իսկ դահուկավազքինը` փետրվարի 22-ից մարտի 5-ը՝ Ֆինլանդիայում:
Մինչեւ աշխարհի առաջնությունը Սերգեյ Միքայելյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության փուլին, որից հետո կմիանա հավաքականին:
ՀԱՕԿ լրատվության բաժին