Արմեն Մկրտչյան. Տղաներն ինձ շատ լավ ընդունեցին

13:50 - 27 Փետ, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը նոր պաշտոնում թիմի հետ առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Ծաղկաձորում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա նշեց, որ արդեն հասցրել է ընկերանալ ըմբիշների հետ.

«Տղաներն ինձ շատ լավ ընդունեցին: Մենք շուտ ընկերացանք: Բոլորն էլ լավն են եւ հասկացող: Նրանք ինձ կարող են դիմել յուրաքանչյուր հարցով, չպետք է ամաչենք մեկս մյուսից: Բայց ամեն ինչ պետք է իր չափն ունենա»,- ասաց մարզիչը:

Արմեն Մկրտչյանի խոսքով իրենք այժմ աշխատում են տեխնիկայի, արագաուժային որակների, դիմացկունության վրա.

«Փորձում եմ հավաքն անցկացնել իմ ծրագրով: Տղաները տեսնում են նոր վարժություններ եւ ինձ ասում են դրանց արդյունավետության մասին: Առաջիկայում կմասնակցենք Թուրքիայի մրցաշարին: Դրանից հետո, նախքան Եվրոպայի առաջնությունը հավաք կունենանք Վլադիկավկազում, ապա Երեւանում:

Չեմ ցանկանում առաջ ընկնել ու արդյունքների մասին խոսել: Սակայն, ես առաջին օրը տղաներին ասել եմ ` մեր նպատակը մեկն է` մարզվում ենք չեմպիոն դառնալու համար: Մենք կորցնելու ժամանակ չունենք: Նրանք հասկանում են ինձ եւ իրենք էլ ձգտումներ ունեն: Փորձում են ավելի լավ մարզավիճակ ձեռք բերել»,- նշեց Արմեն Մկրտչյանը:

Խոսելով Դավիթ Սաֆարյանի եւ Լեւան Բերիանիձեի մասին՝ մարզիչը հայտնեց, որ նրանց հետ դեռեւս չի խոսել եւ չգիտի, թե ինչ նպատակներ ունեն.

«Ես հարգում եմ Դավիթին եւ նրա` աշխարհի չեմպիոնի կոչումը: Պատրաստ եմ Դավիթի հետ աշխատել, բայց նա ինձ չի դիմել: Չգիտեմ մարզվում է, թե ոչ: Նույնը կարող եմ ասել Լեւան Բերիանիձեի մասին: Հիմա կենտրոնացած եմ ներկա ըմբիշների հետ աշխատանքի վրա:

Մենք ունենք աշխարհի չեմպիոն Գեորգի Կետոեւ, բայց, եթե այսօր չկարողանա միջազգային ասպարեզում արդյունքի հասնել` կփոխարինենք նրան: Դա դաս կլինի ըմբիշի համար, որ ավելի լավ մարզվի եւ չեմպիոնության ձգտի: Նույնը Սաֆարյանի եւ Բերիանիձեի դեպքում` եթե նրանք ցանկանում են գոտեմարտել` պետք է փորձեն»,- խոսքը եզրափակեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Այլ նորություններ