ԱՌԱՋԻՆ ՉԵՄՊԻՈՆԸ

13:07 - 12 Փետ, 2024

Մեզանում  գրանցում ստացած Եվրոպայի չեմպիոն ունեցող մարզաձևերի թիվը ավելացավ ևս մեկով:

Միջազգային օլիմպիական կոմիտեի մրցումային ծրագրում 2016թ. է պաշտոնական գրանցում ստացել  WKF կարատեն: Այդ մարզաձևի՝  Եվրոպայի մինչև 21 տ. առաջնությունում մեր երկիրն ունեցավ իր առաջին չեմպիոնը: Նա երևանցի 84 կգ քաշային Գոռ Ներսիսյանն է:

Թբիլիսիում  երեկ ավարտված հին աշխարհամասի առաջնությունում Գոռը վեց անգամ ելավ տատամի: Նախնական հինգ արգելքները հաղթահարելուց հետո,  մեր մարզիկը մտավ եզրափակիչ և ոսկե մեդալի համար պայքարեց մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկու հետ:

Միմյանց  ունակություններն արդեն ուսումնասիրած մրցակիցների միջև  չափազանց լարված պայքար ծավալվեց: Կարատեում բարձր՝ երեք միավորով գնահատվող իր նախասիրած գցումներին  չդիմեց, այլ տակտիկա ընտրեց  հայ վարպետը: Նա, մակեդոնացու համար անակնկալ, այս անգամ կիրառեց ընդամենը մեկ միավորով գնահատվող ձեռքի հարվածներ, որոնցից երեքը դիպուկ էին, նպատակային և հաղթանակ ու խաղարկված ոսկե մեդալ բերեցին երևանցուն:

Շնորհավորում ենք նորընծա չեմպիոնին, նրա անձնական մարզիչ Սարգիս Հովսեփյանին, Սերյոժա Մակարյանի գլխավորած հավաքականի մարզչական խմբին և ակնկալում նոր հաղթանակներ:

Այլ նորություններ