ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ անցկացվում է բասկետբոլի մարզչական միջազգային սեմինար

12:51 - 27 Մայ, 2017

Մայիսի 23-ին Օլիմպավանում ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է բասկետբոլի մարզչական միջազգային սեմինար: Հայ մարզիչներին վերապատրաստում է ՖԻԲԱ-ի բարձր արտոնագիր ունեցող սերբ մարզիչ Վեսելին Մատիչը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ սեմինարից հետո մեր մարզիչները հնարավորություն կունենան ձեռք բերել միջազգային կարգի արտոնագիր:

«Սեմինարին մասնակցում է 25 մարզիչ: Ընտրել ենք Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների թիմերի մարզիչներին: Սեմինարի ավարտից հետո նրանք հնարավորություն կունենան ստանալ միջազգային կարգի արտոնագիր: Դրա համար պետք է քննություն հանձնեն:

Վեսելին Մատիչը բարձր կարգի մարզիչ է: Նրա կարեւոր ձեռքբերումներից է Լեհաստանի հավաքականը գլխավորելը: Նա սեմինարն անցկացնում է խաղադաշտում: Միաժամանակ աշխատում ենք ե´ւ գործնականի, ե´ւ տեսականի վրա:  

ՖԻԲԱ-ում տեխնիկական փոփոխություններ են կատարվել, որի մասին մեր մարզիչներից միայն մի քանիսը գիտեն: Այժմ Մատիչը մեզ սովորեցնում է նաեւ այդ ամենը: Հիանալի կլինի, եթե կարողանանք կիրառել նրա փոխանցածը: Մենք կունենանք որակյալ բասկետբոլ»,- նշեց ֆեդերացիայի փոխնախագահը:

Վահագն Հարությունյանի խոսքով, այս լիցենզավորման շնորհիվ  ֆեդերացիան կկարողանա ավելի արդյունավետ օգտագործել մարզիչների ներուժը եւ ըստ տարիքային խմբերի նրանց ճիշտ բաշխել.

«Միջազգային կարգի արտոնագիր ունեցող մոտ տասը մարզիչ ունենք: Նրանք աշխատում են հավաքականների հետ: Իհարկե, շատ կցանկանայի, որ այս սեմինարից հետո 25 մարզիչն էլ արտոնագիր ստանան, սակայն չեմ կարծում, որ բոլորին կհաջողվի: Միգուցե ՖԻԲԱ-ն մեր մարզիչներին ավելի մեղմ վերաբերվի, որպես նոր զարգացող երկիր: Բայց մենք կտեսնենք նրանց հնարավորությունները վերապատրաստումից հետո, ու այդ սկզբունքով կսկսենք նրանց հետ աշխատել»,- ասաց Վահագն Հարությունյանը:

Մարզչական սեմինարը կշարունակվի մինչեւ մայիսի 30-ը:

 

Այլ նորություններ