Գրիգոր Միքայելյան. Մենք հնարավոր ամեն բան կանենք օլիմպիական վարկանիշ նվաճելու համար

10:09 - 30 Մայ, 2017

Հայաստանի կարատեի ֆեդերացիան հնարավոր ամեն բան կանի, որպեսզի պայքարի օլիմպիական վարկանիշի համար, ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց ՀԿՖ-ի նախագահ Գրիգոր Միքայելյանը:

«Մենք պետք է լիարժեքորեն մասնակցենք հավաքների եւ միջազգային մրցաշարերի: Այս տարի, հոկտեմբերի 26-29-ը Տեներիֆեում (Իսպանիա) կանցկացվի պատանիների (14-15 տարեկաններ), երիտասարդների (16-17 տարեկաններ) եւ մինչեւ 20 տարեկան մեծահասակների աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային կարգավիճակ ունի: Այս տարիքային խմբերում մենք բավականին լավ մարզիկներ ունենք: Իսպանիայում պետք է նվազագունը 15-16 մարզիկով հանդես գանք, բայց մեր ներկայիս հնարավորությունները թույլ է տալիս ընդամենը 3-4 կարատեիստ ներկայացնել»,-նշեց ՀԿՖ-ի նախագահը:

Հայաստանի առաջնությունից հետո ձեւավորված հավաքական թիմերը Երեւանում երկու փուլով հավաք կանցկացնեն` օգոստոսի սկզբին եւ սեպտեմբերի երկրորդ կեսին:

Գրիգոր Միքայելյանը նաեւ հայտնեց, որ Հայաստանի եւ Արցախի կարատեի տարբեր ոճերի 26 կազմակերպություն համագործակցում է ՀԿՖ-ի հետ:

2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերին կմասնակցեն 14-ից 18 տարեկան մարզիկները: Դեռ հայտնի չէ` քանի հայ կարատեիստ հանդես կգա Արգենտինայի մայրաքաղաքում:

Այլ նորություններ