Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ասոցիացիայի / EOC / գործկոմի հերթական նիստը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Այն ղեկավարել է ԵՕԿ նախագահի պաշտոնակատար Նիլս Նիգաարդը։ Քննարկվել են Տոկիոյի օլիմպիական խաղերի, Եվրոպական երրորդ խաղերի նախապատրաստության և այլ հարցեր։
Հույս է հայտնվել , որ չնայած համավարակին, այնուամենայնիվ Ճապոնիայում ամառային մարզահանդեսը կկայանա։
Անդրադարձ է եղել նաև ԵՕԿ 50-րդ հոբելյանական համաժողովի կազմակերպմանը, որ նախատեսված է Աթենքում , առաջիկա ապրիլին։ Պատվիրակները պետք է ընտրեն կազմակերպության նախագահին, գործկոմի, ինչպես նաև հանձնաժողովների անդամներին: Հարցի վերջնական որոշումը պետք է կայացվի մարտին:
Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը տեղեկացրել է , որ իր երկրում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է մնալ ծանր և փետրվարի 11-ից կրկին ներդրվել է ամբողջական << արգելափակման >> ռեժիմը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՕԿ-ի 50-ամյակը նախատեսվում է նշել համաժողովի շրջանակներում, ձևաչափը միանշանակ պետք է լինի առկա: Հետևաբար, պետք է քննարկել միջոցառումները հետաձգելու հարցը։
Եվրոպական երրորդ խաղերը համակարգող հանձնաժողովի ղեկավար Հասան Արատը տեղեկացրել է միջոցառման նախապատրաստական աշխատանքների մասին։Նրա խոսքով, գործընթացին խոչընդոտում է այն փաստը, որ EOC- ի և ընդունող երկիր Լեհաստանի միջև խաղերը հյուրընկալելու իրավունքի պայմանագիր դեռ չի ստորագրվել:
Խնդիր է նաև այն , որ հաստատված չէ մարզաձևերի ցանկը։ Տեղեկացվել է, որ արդեն ութ ֆեդերացիաների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, մյուսների հետ շարունակվում են բանակցությունները։
Խոսվել է նաև Տոկիոյում անվտանգ օլիմպիական խաղերի անցկացման ուղեցույցի, ինչպես նաև սպորտի նախարարների, հովանավորների, հյուրերի, չհավատարմագրված անձանց խաղեր մեկնելու հնարավորության և հանդիսականների ներկայության հարցերի մասին:
Ճապոնիայի իշխանությունները հանդիսականների մասին որոշումները կկայացնեն մարտ-ապրիլ ամիսներին: Դիտարկվում են տարբերակներ։