Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, ԱՄՆ-ում բնակվող Հուռի Գեբեշյանը հպարտ է ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզներում:
«Կարծում եմ, լավ ելույթ ունեցա: Ճիշտ է, ես վայր ընկա գերանից, բայց այդպիսի բաներ երբեմն լինում են: Ընկնելուց հետո ես հավաքվեցի, ուժերս կենտրոնացրի և ավարտին հասցրեցի ելույթս ավելի լավ, քան սպասում էի: Ես ուրախ էի ներկայացնել իմ հայրենիքը, լավ արդյունք գրանցել և հպարտանալու առիթ տալ հայրենակիցներիս: Ինձ համար մեծ պատիվ կլինի ներկայացնել Հայաստանը Օլիմպիական խաղերում: Ես կլինեմ իմ երկիրը ներկայացնող առաջին կինը այս մարզաձևում, դա հպարտությունս և պատասխանատվությունս կրկնակի է դարձնում: Մինչև Օլմպիական խաղեր չեմ կարծում, որ կժամանեմ Հայաստան: Ցավոք սրտի, հեռավորությունը մեծ է: Ես և մարզիչս միշտ կապի մեջ ենք պարոն Սերոբյանի հետ, նրանք միշտ հետաքրքրված են և հետևում են ինձ: Հետագայում ուրախ կլինեմ այցելել Հայաստան»,- ՀԱՕԿ լրատվական բաժնի լրագրողի հետ զրույցում ասաց մարզմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հուռի Գեբեշյանը:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում անցկացվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը: Հայաստանի հավաքականը Գլազգո է մեկնել հոկտեմբերի 17-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին
Լուսանկարը՝ Հուռի Գեբեշյանի ֆեյսբուքյան էջից