Դավիթ Թորոսյան. Պրոֆեսիոնալ բռնցքամարտը Տոկիոյի օլիմպիական ուղեգրեր նվաճելու ճանապարհներից մեկն է

20:25 - 21 Դեկ, 2017

Այսօր Օլիմպավանում լրագրողների հետ հանդիպեցին բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը եւ ազգային թիմի անդամներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը եւ Գոռ Երիցյանը: Այս երեք բռնցքամարտիկները Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից հետո, հավաքականի կազմում հանդես գալուն զուգահեռ, կարիերա են սկսել նաեւ պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ հասցրել են առաջին հաջողությունները գրանցել:

Դավիթ Թորոսյան. «Մարտ ամսից սկսած տղաները պրոֆեսիոնալ ռինգում տասնյոթ մենամարտ են անցկացրել եւ բոլորում էլ հաղթանակ տարել: Որեւէ մեկին հատուկ չեմ առանձնացնի, բոլորը լավ մարզավիճակում են եւ որակյալ բռնցքամարտ են ցուցադրում: Տասնյոթ մենամարտից միայն չորսն են մինչեւ վերջ ընթացել, մյուսներն ավարտվել են նոկաուտով: Ինձ, որպես հավաքականի մարզչի, ուրախացնում է նրանց առաջընթացը պրոֆեսիոնալ ռինգում, հաշվի առնելով, որ սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) թույլատրել է մարզիկներին համատեղել երկու ռինգերը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ճանապարհներից մեկն է դարձել: Մեզ համար դա առաջնային նպատակ է, այդ պատճառով էլ շատ կաշխատենք, որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերենք եւ 2019 թվականին պայքարենք Տոկիո-2020-ի համար»:

Արամ Ավագյան (6 հաղթանակ՝ 4-ը նոկաուտով). «Վերջին մենամարտից առաջ Ծաղկաձորում հավաք անցկացրինք: Հասցրեցի լավ պատրաստվել, ռինգում կիրառեցի մարզչիս խորհուրդները եւ ժամանակից շուտ հաղթանակով ավարտեցի մարտը: Ապագայի պլանների մասին հստակ ոչինչ չեմ կարող խոսել, ամեն ինչ դեռ քննարկման փուլում է: Երբ պարզ դառնա, կհայտնեմ լրագրողներին»:

Գոռ Երիցյան (4 հաղթանակ, բոլորը՝ նոկաուտով). «Վերջին մրցակիցս Վրաստանի ներկայացուցիչն էր: Լավ տրամադրված էի մենամարտին եւ հասա անհրաժեշտ արդյունքին: Այնուհետեւ հավաքականի կազմով մեկնեցինք Լեհաստան՝ մասնակցելու սիրողական մրցաշարի, որտեղ եւս բարձր մակարդակով հանդես եկանք: Ոչ մեծ հանգստից հետո այժմ շարունակում ենք մարզվել: Ապագա մենամարտի հետ կապված ես նույնպես չեմ տիրապետում հստակ ինֆորմացիայի»:

Նարեկ Աբգարյան (7 հաղթանակ՝ 5-ը նոկաուտով). «Աստիճանաբար պետք է ավելի ուժեղ մրցակիցների դեմ պայքարենք: Փետրվարի 10-ին մենամարտ ունեմ ԱՄՆ-ն ներկայացնող լուրջ բռնցքամարտիկի հետ, որն ունեցել է 8 հաղթանակ, 2 պարտություն եւ մայրցամաքային վարկածներից մեկի չեմպիոնական գոտի: Շատ մանրակրկիտ պետք է պատրաստվեմ այդ մենամարտին»:

Բռնցքամարտիկների կարծիքով պրոֆեսիոնալ բռնցքամարտը շոու է, եւ նրանք արագ համակերպվեցին նոր պայմաններին: Ռինգում տղաներն իրենց վստահ են զգում: Հիմնական տարբերություններից մեկը, սիրողական բռնցքամարտի համեմատ, ռաունդների մեծ քանակն է, ինչն իր հերթին ազդում է մենամարտի ոճի եւ մարզական գործընթացի վրա՝ դարձնելով այն ավելի հետաքրքիր:

Արամ Ավագյանի, Նարեկ Աբգարյանի եւ Գոռ Երիցյանի գործերով պրոֆեսիոնալ ռինգում զբաղվում է ռուսական Punch Boxing Promotions կազմակերպությունը, որը գլխավորում է մեր հայրենակից Արամ Դավթյանը:

Այլ նորություններ