Մինսկը կհյուրընկալի եվրոպական երկրորդ խաղերի մասնակիցներին

12:27 - 24 Հոկ, 2018

Ութ ամիս հետո, 2019թ. հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվեն եվրոպական երկրորդ խաղերը: 50 երկրների շուրջ 4 հազար մասնակիցներ 15 մարզաձևերի 23 մրցաձևերում կպայքարեն 200-ական ոսկե,արծաթե և բրոնզե մեդալների համար: Ծրագրում ընդգրկված 10 մարզաձևերում կվիճարկվեն 2020թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր,իսկ չորսում` կորոշվեն Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները: Այս և խաղերին առնչվող այլ մանրամասները կլուսաբանեն տարբեր երկրներից հավատարմագրվող հազարից ավելի լրագրողներ: Խաղերի կարգախոսն է ` «Վառ հաղթանակների ժամանակը»: 

Բելառուսի բնակչության համար տոմսերի վաճառքը կսկսվի ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից,իսկ մյուս երկրների մարզասերները դրանք կարող են ձեռք բերել 2019թ. մարտի մեկից: Այժմ ճշտվում է ջահի փոխանցավազքի երթուղին: 

Եվրոպայի գլխավոր մարզահանդեսի բացման և փակման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան Մինսկի «Դինամո» մարզադաշտում, որտեղ, ի դեպ, կանցկացվեն աթլետիկայի մրցումները: 

Մասնակիցների բնակավայր է ընտրված ուսանողական ավանը,որը տեղավորում է վեց հազար մարդ: Մրցումները կսպասարկեն ութ հազար կամավորականներ, 650 միջազգային և 410 ազգային կարգի մրցավարներ: Խաղերի ծրագրում ընդգրկված են նետաձգություն,աթլետիկա, բադմինթոն, բասկետբոլ /3×3/, լողափային ֆուտբոլ, բռնցքամարտ, բայդարկա և կանոե, հեծանվասպորտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե,սամբո, հրաձգություն, սեղանի թենիս, ըմբշամարտ մարզաձևերը: 

Հայաստանից Մինսկի խաղերին մասնակցելու իրավունքը առաջինը ստացել է կանոե մրցաձևի երկու ներկայացուցիչ: Մարզիկների անունները ավելի ուշ կորոշի թիավարության հանրապետական ֆեդերացիայի կանոե մրցաձևի մարզչական խորհուրդը :Բելառուսական ստուգատեսի վարկանիշային մրցաշարերը կշարունակվեն մինչև 2019թ.ապրիլի 14-ը: 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ