Փարիզում անցկացվեց ձյուդոյի << Գրան պրի >> միջազգային վարկանիշային մրցաշար: Մասնակիցների թվում էին Հայաստանի երկու պատվիրակներ: Ֆերդինանդ Կարապետյանը / 73կգ / իր հաշվին երեք հաղթանակ գրանցելուց հետո պարտություն կրեց և մրցանակակիր չդարձավ: Ֆերդինանդը սփոփվեց այնքանով, որ վաստակեց 260 միավոր: Նրա թիմակից Արսեն Խանջյանը / 90 կգ / ձախողվեց հենց առաջին գոտեմարտում:
Փարիզից մեր երկյակը, գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ, մեկնել է Գերմանիայի Համբուրգ քաղաք, որտեղ մասնակցում է ուսումնամարզական 10 –օրյա հավաքի:Նպատակը Դյուսելդորֆում անցկացվող << Մեծ սաղավարտ >> անվանումով վարկանիշային մրցաշարում հաջողության հասնելն է, որը կմեկնարկի փետրվարի 22 – ին: Թիմը Երևան կվերադառնա փետրվարի 25 –ին:
Պարապուրդի չեն մատնվում նաև պատանի և երիտասարդ ձյուդոիստները: Հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մարզիկները Թբիլիսիում համատեղ պարապում են տեղացիների հետ: Հայաստան վերադառնալուց հետո տղաների մի մասը հանդես կգա Գյումրիում փետրվարի 24 –ին մեկնարկող ՀՀ երիտասարդական առաջնությանը:
ՀԱՕԿ լրատվական բաժին