ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ

10:37 - 17 Ապր, 2026

Վրաստանի մայրաքաղաք  Թբիլիսիում երեկ  մեկնարկեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի հավաքականից տատամի  ելան երեք ներկայացուցիչներ: Առավել հաջող հանդես եկավ Դավիթ Աբրահամյանը (66 կգ): Նա սկզբում  հաղթանակներ տոնեց չեռնոգորցի և իսպանիացի մրցակիցների նկատմամբ, ապա  քառորդ եզրափակիչում  23 –ամյա Դավիթը պարտվեց բավականին փորձառու՝  Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր, ֆինն  Լուկաս Սահային: Լավ է, որ  սփոփիչ գոտեմարտում երևանցին  պարտության մատնեց Եվրոպայի գործող չեմպիոն, ֆրանսիացի  Դայկի Բուբբային  և ստացավ  բրոնզե մեդալի  համար պայքարելու իրավունք: Ավաղ, նա զիջեց  մեկ այլ ֆրանսիացու՝   Վալիդ Խյարին և գրավեց հինգերորդ տեղը:  

Այնուամենայնիվ, լավագույն հնգյակում տեղ ունենալը պատիվ է, մանավանդ, որ մեր մարզիկը առաջին անգամ մասնակցեց մեծահասակների ստուգատեսին  ու դասվեց  լավագույնների շարքում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Վահե Աղասյանը և Աշիկ Անդրեյանը (երկուսն էլ՝ 60 կգ), պարտվեցին մեկնարկում:  

Այսօր մրցագորգ կելնեն Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (100 կգ)։

 

Այլ նորություններ