ԵԱ. Խաչատուր Պապիկյանը պարտվեց կիսաեզրափակիչում

20:31 - 09 Մար, 2019

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ մտան Հայաստանի եւս 4 ներկայացուցիչներ՝ Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ):

Ամենահաջողը հանդես եկավ Խաչատուր Պապիկյանը (74 կգ), որը բուլղարացի (17:8) եւ մոլդովացի (4:0) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվեց ռուս Նիկիտա Սուչկովին: Մարտի 10-ին Խաչատուր Պապիկյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Հրաչյա Մարգարյանը, Հովհաննես Մխիթարյանը եւ Սարգիս Հովսեփյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն կրեցին երկրորդ գոտեմարտերում: Եթե նրանց հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչները հնարավորությունից կստանան պայքարել բրոնզե մեդալի համար:

Նախօրեին եզրափակիչի ուղեգիր նվաճած Վազգեն Թեւանյանը (65 կգ) մարտի 9-ին ոսկե մեդալը կվիճարկի վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ: Մարտի 8-ին պայքարի մեջ էին մտել նաեւ Վաղինակ Մաթեւոյանը (57 կգ) եւ Գեւորգ Մխեյանը (70 կգ), որոնք հաջող հանդես չէին եկել:

Հայ ըմբիշները մրցավայր են մեկնել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ:

Այլ նորություններ