Վահագն Դավթյան. Ցանկացած մեդալի ճանապարհ դժվար է

20:00 - 30 Հուն, 2019

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Մինսկում ավարտված Եվրոպական խաղերում արծաթե մեդալ նվաճեց օղակների վարժությունում:

Պարգևատրման արարողությունից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա խոսեց անցած բարդ ճանապարհի և նվաճած մեդալի արժեքի մասին:

«Ցանկացած նվաճած մեդալի ճանապարհն էլ դժվար է, քանի որ պետք է հոգեբանորեն տրամադրվես: Հնարավոր է ֆիզիկապես անթերի պատրաստ լինել, բայց հոգեբանորեն չկարողանաս վերջին վայրկյանին կենտրոնանալ ու ստացվի անկանխատեսելի սխալ, որ չես արել մինչեւ այդ: Ամենաբաղձալին չեմպիոն դառնալն է և բարդ է գիտակցել, որ 0.34 միավոր ես պարտվել մրցակցիդ, բայց արդյունքը գոհացնում է: Շատ ուրախ եմ, քանի որ հինգերորդ տեղով էի անցել եզրափակիչ, իսկ այսօր կարողացա երկրորդը լինել: Ինձ այսօր օգնեց մրցումային փորձը, քանի որ ֆիզիկապես պատրաստ էի: Չնայած մեծ դժվարություններին, չեմ փոշմանում, որ ընտրել եմ այս սպորտաձևը, ու արժեր այս արդյունքի համար մնալ սպորտում: Ծանր վնասվածք եմ ունեցել, վիրահատություն և այլն: Գալիս է պահ, որ մտածում ես՝ առողջությունից թանկ բան չկա, բայց միեւնույն է՝ սպորտը թողնելու մասին երբեք չեմ մտածել»,-ասաց Վահագն Դավթյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանն օղակների վարժությունում նվաճել էր բրոնզե մեդալ:

Այլ նորություններ