ԵԱ. Խաչատուր Պապիկյանը՝ բրոնզե մեդալակիր

21:30 - 10 Մար, 2019

Խաչատուր Պապիկյանը (74 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Հայաստանի վերջին ներկայացուցիչն ուժերը չափեց Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 10:3 հաշվով:

Խաչատուր Պապիկյանը (74 կգ) մարտի 9-ին էր մտել պայքարի մեջ եւ բուլղարացի (17:8) ու մոլդովացի (4:0) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվել էր ռուս Նիկիտա Սուչկովին:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ելույթն ավարտեց մեկ ոսկե եւ մեկ բրոնզե մեդալով: Մարտի 9-ին ոսկե մեդալակիր էր դարձել 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Նովի Սադում հանդես եկան նաեւ Վաղինակ Մաթեւոյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ), որոնք մեդալ չէին նվաճել:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ-23 առաջնությունում, որին մասնակցեց 5 ըմբիշով: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաջողության չէին հասել:

Այլ նորություններ