Շեցին-2019․ Հայ մարմնամարզիկները լուրջ խնդիրների են բախվել ԵԱ-ի մեկնարկից առաջ

14:48 - 10 Ապր, 2019

Լեհական Շեցին քաղաքում այսօր մեկնարկել է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

Մրցումային առաջին օրը ընթանում են ինչպես անհատական, այնպես էլ բազմամարտի որակավորման ելույթները։

Հայաստանի հավաքականն այս առաջնությանը նախապատրաստվում էր Թբիլիսիում, որտեղից թիմը պետք է ուղևորվեր մրցավայր։
Լեհական ավիաուղիները (LOT), վատ եղանակային պայմաններից ելնելով, չեղարկել են չվերթը ուղիղ 26 ժամով։ Սակայն նույն ժամանակահատվածում այլ ավիաուղիներ իրականացրել են իրենց կանոնավոր չվերթները։
Միջադեպի հետևանքով՝ մեր հավաքականի մարզիկները չեն հասցրել անգամ մասնակցել պաշտոնական մարզմանը և 2 գիշեր չեն քնել։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց, որ այս միջադեպն, իհարկե, կանդրադառնա մարզիկների ելույթների վրա, սակայն տղաները հավաքված են ու լավ տրամադրված։

Այլ նորություններ