«Թուրլըխանովի գավաթ»․ Արթուր Ալեքսանյանի ոսկե վերադարձը

23:50 - 26 Մայ, 2019

Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին մրցաշարում նվաճեց հաղթողի կոչումը:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Բոլատ Թուրլըխանովի անվան գավաթի խաղարկության 97 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը չորս հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 3։1 հաշվով ուժեղ է գտնվել ռուս Ալեքսանդր Գոլովինից:

Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր են դարձել Ռուսաստանի ներկայացուցիչներ Դանիլա Սոտնիկովը եւ Նիկիտա Մելնիկովը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել են նաեւ Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում էր 2018-ի նոյեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո:

Այլ նորություններ