Մինսկ-2019․ Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր

21:20 - 29 Հուն, 2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի եզրափակիչ գոտեմարտում Չալյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ:

Աշխարհի չեմպիոնի հետ գերլարված պայքարում, վիճելի մրցավարության հետևանքով հայ ըմբիշը պարտվեց 6։7 հաշվով՝ դառնալով արծաթե մեդալակիր։

Կարապետ Չալյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 9:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևի նկատմամբ:

1/4 եզրափակիչում Չալյանը 2։1 հաշվով հաղթել է մոլդովացի Իգոր Բեսլագային, իսկ կիսաեզրափակիչում 4։1 հաշվով պարտության է մատնել հունգարացի Տամաշ Լյորինցին։

Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում ոսկե մեդալի համար պայքարելու է նաև Արթուր Ալեքսանյանը (97 կգ), իսկ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) մասնակցելու է սփոփիչ գոտեմարտի։

Հունիսի 30-ին Ալեքսանյանը չեմպիոնի կոչումը կվիճարկի բելառուս Ալեքսանդր Գրաբովիկի հետ, իսկ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Արկադիուշ Կուլինիչի հետ։

Այլ նորություններ