Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանը գերազանցեց ինքն իրեն

16:05 - 03 Հուլ, 2019

Սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Եվրոպական խաղերում մարմնամարզիկների ելույթները.

«Տղաների մասնակցությունից շատ գոհ եմ, մեդալների սպասում էինք, քանի որ պատրաստ էինք, բայց  չեմպիոնության չէինք սպասում, քանի որ մասնկացում էին Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնության չեմպիոններ, մրցանակակիրներ և կար շատ ուժեղ մրցակցություն: Արթուր Դավթյանի կատարումը հենացատկերի վարժությունում գերազանց էր: Մենք գիտենիք, որ անհատական գործիքների եզրափակչում ամեն երկրից մեկ հոգի է լինելու, այդ իսկ պատճառով օղակների եզրափակչում մասնակցեց Վահագն Դավթյանը, քանի որ ավելի բարձր միավորով էր մտել եզրափակիչ: Վահագնը շատ չնչին տարբերությամբ զիջեց ոսկե մեդալակրին: Շատ ուրախ եմ արդյունքի համար, նրանք արեցին այն ինչ կարող էին, իսկ Արթուրը գերազանցեց ինքն իրեն, անգամ մարզումների ժամանակ  այդպես չի ցատկել»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Մինչև հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը՝ սպորտային մարմնամարզության հավաքականը կմասնակցի նաև մրցաշարերի և հավաքների.

«Աշխարհի առաջնությունից առաջ՝ օգոստոսի կեսերին, մեկնելու ենք Իսրայել՝ մասնակցելու այնտեղի բաց առաջնությանը: Հրավիրող կողմը հոգալու է  բոլոր ծախսերը, բացի օդանավի տոմսից: Այդ առաջնությանը մասնակցելու են Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը, քանի որ նրանք հրավիրել են ուժեղագույններին: Աշխարհի առաջնությունից առաջ նաև հավաք կանցկացնենք Թիբլիսիում, իսկ ԱԱ-ին կմասնակցեն Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը»,- խոսքը եզրափակեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Այլ նորություններ