Հաբեթնակ Կուրղինյան. Արսեն Հարությունյանը պատրաստ է ԱԱ-ին

13:40 - 06 Սեպ, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն աշխարհի առաջնության կազմը հայտարարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց սպասելիքների և ըմբիշների մարզավիճակի մասին:

«Թիմում լուրջ վնասվածքներ չկան, հավաքները նորմալ են անցել: Աշխարհի առաջնությանը հիմնականում ամբողջական կազմով չենք մասնակցել: Այս տարին նույնպես բացառություն չէ: Կազմն ընտրել եմ մինչև ԱԱ-ն կայացած Եվրոպայի առաջնությունում, Եվրոպական խաղերում և միջազգային մրցաշարերում ըմբիշների ցույց տված արդյունքներից ելնելով: Ուղղակի մասնակցության համար աշխարհի առաջնության ոչ մի ըմբիշի չենք տանում: Բացի ԱԱ-ից, հաջորդ տարի կունենանք նաև այլ վարկանիշային մրցաշարեր: Ելնելով ԱԱ-ում ցույց տված արդյունքից՝ կպատրաստվենք մյուս վարկանիշային մրցաշարերին»,- նշեց մարզիչը:

Հաբեթնակ Կուրղինյանը վստահ է, որ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը պատրաստ է 57 կգ քաշային կարգում աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

«Արսենը վնասվածքից հետո մասնակցեց Ստեփան Սարգսյանի մրցաշարին: Այնտեղ որոշակի չափով վնասվածքը զգալ տվեց, բայց հետո բուժումներ ստացավ և Նուր-Սուլթանում կտեսնենք, թե ինչքանով է պատրաստ: Վստահություն ունեմ, որ Արսենը լավ կմասնակցի»,- ասաց նա:

125 կգ քաշային կարգում Հայաստանը ԱԱ-ում կներկայացնի Լևան Բերիանիձեն, որն այս պահին թիմի հետ չէր մարզվում: «Բերինաձին մեզ հետ չի մարզվում, քանի որ համապատասխան զույգ չունի»,- պարզաբանեց Հաբեթնակ Կուրղինյանը:

65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը մատի վնասվածք էր ստացել մեծահասակների Եվրոպայի առաջնության ժամանակ, բայց այժմ ապաքինվել է և պատրաստ է ԱԱ-ին. «Թևանյանը ԵԱ-ից հետո ոչ մի մրցաշարի չէր մասնակցել, երիտասարդների ԱԱ-ում լրացրեց մրցակցային գոտեմարտերի պակասը և ԱԱ-ում լավ մարզավիճակում կլինի»,- խոսքը եզրափակեց Հաբեթնակ Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Լևան Բերիանիձեն (125 կգ):

Այլ նորություններ