Այսօր՝ մայիսի 20 –ին հայտնի դարձավ, որ պղծել են << Արարատ-73 >> -ին նվիրված արձանախումբը։ Գողացել են երրորդ շարքում տեղադրված լեգենդար թիմի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի, թիմի պետ Ռոբերտ Ծաղիկյանի, վաստակավոր մարզիչներ Հարություն Քեհեյանի և Հովհաննես Աբրահամյանի արձանները:
Գողության փաստով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Կատարվածից խիստ վրդովված են նաև << Արարատ - 73 >> -ի ֆուտբոլիստները:
2016 թ․ հոկտեմբերի 10 –ին է չեմպիոնների արձանախումբը իր հիմնական գրանցումը ստացել <<Հրազդան >> ստադիոնի հարևանությամբ , այն մարզադաշտի , որը եղել է մեր ֆուտբոլի հաղթանակների խորհրդանիշը:
Արձանախմբի ստեղծման հովանավոր , անվանի բարեգործ, ՀԱՕԿ -ի նախագահ Գագիկ Ծառուկյանի բարի ցանկությամբ, բացումը, հանդիսավոր պայմաններում , կոմպոզիտոր Մատվեյ Բլանտերի << Ֆուտբոլային քայլերգի >> հնչյունների ուղեկցությամբ , կատարել են հայրենական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն թիմ, ոսկեզօծ << Արարատի >> ֆուտբոլիստները:
Երևանի << Արարատի >> ամենափառավոր էջը գրվել է 1973 թվականին , երբ հայաստանյան թիմը միաժամանակ նվաճել է Խորհրդային Միության և՛ չեմպիոնի և ՛գավաթակրի կոչումը: Բյուրեղապակյա մրցանակը արարատցիներին է հանձնվել 1973 թ․ հոկտեմբերի 10 –ին:
Ի դեպ, << Արարատը >> գավաթը նվաճել է նաև 1975 –ին , իսկ 1971 –ին և 1976 –ին դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1954 և 1976 թվականներին արարատցիները հռչակվել են ԽՍՀՄ գավաթի խաղարկության երկրորդ մրցանակակիր :
Արձանախումբը հարստացրել է մեր մայրաքաղաքի պատմամշակութային կոթողների ցանկը։ Այցելուների թվում զգալի տոկոս են կազմում բազմաթիվ պատանիներ , որոնց թվում, անշուշտ, քիչ չեն լինի նաև շնորհալի ու խոստումնալից ապագա ֆուտբոլիստներ:
Հուսանք, որ իրավապահ մարմինները հավատարիմ կմնան իրենց կոչմանը , կգտնեն սրբապիղծներին, որոնք կստանան արժանի պատիժ։