ՀԱՂԹԵՑ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

11:31 - 25 Օգո, 2020

Ուկրաինայի Խարկով քաղաքում իրենց մարզումներն են շարունակում Հայաստանի բռնցքամարտիկները։ Նրանք այդ երկրի հավաքականի հետ օրեկան անցկացնում են համատեղ երկու պարապմունք։ Արդյունավետության մասին լիարժեք կարծիք ունենալու նպատակով երկու թիմերի մարզիչները մտածում էին անցկացնել փորձամրցումներ։ Այդ գործին նպաստեց Խարկով  քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունը, որի  մասնակիցը  դարձան նաև  կաշվե ձեռնոցի վարպետները։

Օգոստոսի 23 – 24 –ին երկու հավաքականների միջև անցկացվեց ցուցադրական մրցամարտ։ Բացօթյա մենամարտերը, ինչպես վկայում է միջոցառման մասին հեռակապով  լիարժեք  տեղեկություն ունեցող երևանցի վաստակավոր մարզիչ Արման Հարությունյանը,  մեծ բավականություն պատճառեցին  մարզասերներին։

Հավաքականների մարզիչներն իրենց հերթին որոշակի  պատկերացում կազմեցին մրցողների ընդհանուր և հատուկ պատրաստականության մասին ու գոհացան. համատեղ մարզումները դրական արդյունք են ունեցել։

Գրեթե կես տարի մրցումների առումով հարկադիր պարապուրդի մատնված երկու երկրների բռնցքամարտիկները միմյանց << քննելով >> զգացել են ռինգը, այն շրջապատած մրցավարների, բազմաթիվ մարզասերների ներկայությունը, պայքարի ոգին և, իհարկե, իրենց կարոտն են առել մասնագիտական ասպարեզից։

Կողմերի նախնական պայմանավորվածությամբ մենամարտերում հաղթանակներ և պարտություններ չգրանցվեցին։

Տեղում աշխատանքներ տանող Հայաստանի հավաքականի մարզչական խմբի նախաձեռնությամբ  երկօրյա բոլոր մենամարտերը տեսագրվել են, նպատակով ,որ դրանք ներկայացվեն, վերլուծության ենթարկվեն  Հայաստանի բռնցքամարտի ազգային  ֆեդերացիայի / նախագահ ՝ Հովհաննես Հովսեփյան /  մասնագիտական խորհրդում։

Հավաքականը հայրենիք կվերադառնա օգոստոսի 28 –ին։

Այլ նորություններ