Տեղի է ունեցել բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի տնօրենների խորհրդի հեռավար նիստը։ Ընդունվել են մի քանի կարևոր որոշումներ,որով ԱԻԲԱ –ն սկսել է ռեֆորմների գործընթացը։
Ասոցիացիան ծրագրել է 2021թ․ անցկացնել մայրցամաքային հինգ ֆորում։ Աֆրիկյանը նախատեսված է փետրվարի 7-ին, ամերիկյանը ` փետրվարի 21-ին, եվրոպականը` փետրվարի 27-ին, Օվկիանիայինը `մարտի 6-ին, իսկ ասիականը` մարտի 20-ին:
Երկարաձգվել է պայմանագիրը դոպինգ թեստավորման միջազգային գործակալության / ITA / հետ:
Ստեղծվել են հինգ նոր կոմիտեներ։ Մարզչական կոմիտեն կզբաղվի բարձրակարգ մասնագետներ նախապատրաստելու հարցերով և կմշակի մարզիկների վարպետության առաջընթացի լրացուցիչ մեթոդներ ու եղանակներ։
Չեմպիոնների և վետերանների կոմիտեում կընդգրկվեն մարզաձևի երախտավորներն ու անվանի մարզիկները, ովքեր հաջողությունների են հասել համաշխարհային բռնցքամարտում և պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդներին։
Մրցումների կոմիտե․ վերահսկելու է AIBA- ի միջոցառումների անցկացումը, որպեսզի դրանք բավարարեն միջազգային չափանիշները։
Կանանց կոմիտե․ նպատակն է ապահովել գենդերային հավասարությունը բռնցքամարտի աշխարհում։
Բժշկական և հակադոպինգային հանձնաժողով․ կապահովի մարզիկների բժշկական և հակադոպինգային բոլոր պահանջները:
Նշենք, որ վերջերս AIBA- ի նախագահ ընտրվեց Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը: