Հրաձգության Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք

12:00 - 29 Փետ, 2016

Հրաձգության Հայաստանի հավաքականը կեսգիշերին վերադարձավ Եվրոպայի առաջնությունից:

«Մեզ հաջողվեց մեկ արծաթե և երկու թիմային բրոնզե մեդալ նվաճել Եվրոպայի այս առաջնությունում: Իհարկե, ես շատ դժգոհ եմ: Ես իսկապես հոգեբանորեն շատ վատ վիճակում եմ: Մեր առաջին խնդիրը նրանում էր, որ մենք օրեր առաջ տարել էինք զենքերը մաքսային տարածք, արկղերը փակվել էին և գնալուց հետո մոտ 6 օր չենք մարզվել: Արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք: Ես չեմ արդարանում, բայց ես գիտեմ մեր մարզիկների պատրաստվածությունը՝ նրանք պատրաստ էին» »,-օդակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: 

Խոսելով պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանի մասին՝ գլխավոր մարզիչ Նիկողոսյանը փաստեց, որ Բաբայանը Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ոտքը պատահմամբ վնասել է: «Ցավոք սրտի, սա մեր վերջին օլիմպիական վարկանիշ տվող մրցաշարն էր: Առաջիկա մրցաշարերից կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկությանը Մյունխենում, և ունենք վազող թիրախ վարժություններից աշխարհի առաջնություն»,-փաստեց մարզիչը:

Հունգարիայի Գիոր քաղաքում փետրվարի 22-28-ը տեղի ունեցավ Եվրոպայի առաջնություն 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում էր 47 երկրի 588 մարզիկ: Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցեց 14 մարզիկով, իսկ հավաքականը գլխավորում էին գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանը:

 Լուսանկարներն՝ այստեղ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ