Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Առայժմ մասնակիցները տպավորիչ արդյունքներ չեն գրանցում: Բարձր արդյունքներով չեն առանձնանում նաև Հայաստանի պատվիրակները, նույնիսկ ՝ անվանիները: Բայց դժգոհել պետք չէ, քանզի ինչպես երեկ մրցելույթ ունեցած Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ /, այնպես էլ այսօր ծանրահարթակ ելած Հակոբ Մկրտչյանը / 96 կգ / հանդես եկան ավելի բարձր քաշային կարգերում: Այդկերպ կարելի է բացատրել մեդալից նրանց հեռու մնալու հանգամանքը:
Ասենք, որ Հակոբը պոկեց 163 կգ , հրեց 207 կգ և երկամարտում ցույց տվեց 370 կգ արդյունք:
Այսօր, առավոտյան մրցահերթի Բ խմբում, ասպարեզ ելավ նաև մեր Դավիթ Հովհաննիսյանը: Նա նույնպես մասնակցեց 96 կգ քաշայինների պայքարին և երկամարտի նույն ՝ 370 կգ / 165 կգ + 205 կգ / արդյունքով խմբում գրավեց չորրորդ տեղը:
Հավասար արդյունք ցույց տված / 370 կգ / մեր երկու ծանրորդները հանգրվանեցին 11 -12 րդ հորիզոնականներում:
Դեկտեմբերի 15-ին մեր պատվիրակներից կմրցեն Տաթև Հակոբյանը / 81 կգ / , Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը / երկուսն էլ` 102 կգ /:
Հավատանք, որ վաղը մեր պատվիրակները հաջողության կհասնեն և կուրախացնեն մարզասերներին: