ԳՅՈՒՄՐԵՑԻ ՀԵՐԿՈՒԼԵՍՆԵՐԻ ՀՈՒՍԱԴՐՈՂ ՎԵՐՋԱԲԱՆԸ

17:07 - 17 Դեկ, 2021

Ծանրամարտի աշխարհի առաջնության վերջաբանը եղավ այնպես, ինչպես որ ցանկանում էինք. պատվանդանի երկրորդ և երրորդ աստիճաններին տեսնել  գյումրեցի  գերծանրքաշայիններին: Խոստովանենք, որ ենթադրում էինք երկրորդ տեղը կզբաղեցնի Գոռ Մինասյանը, երրորդը ՝ նրա կրտսեր համաքաղաքացի Վարազդատ Լալայանը: Հակառակը եղավ:

Հերկուլես հայորդիները լիովին արդարացրին սպասելիքները: Վարազդատը պոկեց 211 կգ, հրեց 246 կգ և երկամարտի 457 կգ –ով դարձավ աշխարհի փոխչեմպիոն և արծաթե մեդալակիր: Իսկ Գոռը, այդ համեստ  ու հայրենասեր երիտասարդը ցույց տվեց համապատասխանաբար 205 կգ,  243 կգ և երկամարտի  448 կգ արդյունքով տեղ զբաղեցրեց  պատվո պատվանդանի<<  բրոնզե >>  աստիճանին:

Աշխարհի չեմպիոնի պատվին արժանացավ վրացի Լաշա Տալախաձեն: Նա իր ցուցանիշով վերստին ապացուցեց, որ մարդու  ֆիզիկական հնարավորությունները սահման չունեն: Երկամարտում Լաշան համաշխարհային ռեկորդ գրանցելով առաջինը ճանաչվեց.   պոկեց 225 կգ, ռեկորդային  ՝ 267 կգ հրում կատարեց և երկամարտի անհավանական թվացող`     492 կգ –ով   կրկին զարմանքով ու հիացմունքով վեհացրեց հանդիսականին:

Հայաստանի ծանրորդները աշխարհի առաջնությունում  նվաճեցին երկու բրոնզե / Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան / և մեկ արծաթե պարգև / Վարազդատ Լալայան /:

Տաշքենդյան ստուգատեսով  հայրենական սպորտը վերջակետ դրեց  մրցաշրջան 2021 – ին:

 

Այլ նորություններ