ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ

11:47 - 11 Փետ, 2022

Այս մրցաշրջանում միջազգային պատասխանատու բազմաթիվ մրցումների պետք է մասնակցեն Հայաստանի բռնցքամարտիկները:   

Մարտի 11 –ին Խորվաթիայի Պորեց քաղաքում կմեկնարկի Եվորպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը, որի եզրափակիչը տեղի կունենա մարտի 23 –ին : Այնուհետև երկրի գլխավոր թիմը կմասնակցի մարտի վերջերին Բելգրադում և Հելսինկիում գրեթե միաժամանակ սկսվող միջազգային մրցաշարերից մեկին:Դա ստուգողական բնույթ կկրի և մարզչական խորհուրդը լիարժեք կարծիք կկազմի մայիսի 21 – 31 –ը Երևանում նշանակված Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող մեր մարզիկների ընդհանուր պատրաստականության մասին: Ի դեպ, եվրոպականում մրցանակները կխաղարկվեն 13 քաշային կարգերում:

Այս ամենի մասին մեզ հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Նրա ղեկավարած թիմը փետրվարի 8 – ից ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Համատեղ մարզումները կշարունակվեն Երևանի Օլիմպավանում:

Աղամալյանն ընդգծեց, որ մարզումներում ընդգրկված են նաև Գայանե Տեր –Բարսեղյանը / 48 կգ / և Էլիդա Քոչարյանը / 60 կգ /: Նրանք 22 տարեկանների կազմում նույնպես մասնակցելու են Եվրոպայի երիտասարդականին:

Զրուցեցինք նաև կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ:Նրա ղեկավարած համակազմը / 12 հոգի / փետրվարի 4 – ից << խարիսխ է ձգել >> մայրաքաղաքի Օլիմպավանում: Թիմը նախապատրաստվում է փետրվարի 19 –ին Բուլղարիայի Սոֆիայում  <<  Ստրանջա >>  անվանումով   միջազգային մրցաշարին:

Ռաֆայել Մեհրաբյանին և երկրորդ մարզիչ Հակոբ Մելքոնյանին առավելապես հետաքրքրում են Լիլիթ Դալլաքյանի / 48 կգ /, Անուշ Գրիգորյանի / 50 կգ / և Անի Հովսեփյանի / 70 կգ / մարզական – մարտական ընդհանուր որակները: Բանն այն է, որ նշած երեք մարզուհիները պետք է մեր երկիրը ներկայացնեն Թուրքիայում մայիսի 6 -21 –ը անցկացվելիք աշխարհի առաջնությունում: Պարապմունքներն ընթանում են նորմալ հունով, աղջիկները չեն տրտնջում բեռնվածությունից և հույս կա, որ նրանք լավ մարզավիճակով կներկայանան նշած ստուգատեսներին:

Այլ նորություններ