ՄԱՐՏԻ ԵՆ ԵԼՆՈՒՄ ՆԱԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

10:47 - 19 Օգո, 2022

Մյունխենում անցկացվող Եվրոպայի համալիր առաջնությունից վերջապես հաճելի լուր ունեցանք: Սպորտային մարմնամարզության մրցաշարի  որակավորման փուլում /առանձին գործիքներ / վստահ մրցելույթներ ունեցան մեր տղամարդիկ:

Հայտավորված հեղինակություններից  է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ընթացիկ մրցաշրջանի ՝ աշխարհի գավաթի անվերապահ հաղթող մեր Արթուր Դավթյանը: Նա հենացատկերում և նժույգթափերում իր բարձր կարգը հաստատեց և մտավ եզրափակիչ ությակ:

Առաջատարի օրինակին հետևեցին հավաքականի ավագ, բազմափորձ  Հարություն Մերդինյանը / նժույգթափեր /, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ /:

Բազմամարտում նույնպես հանդես եկավ մեր երկրի  ներկայացուցիչը: Նա շնորհալի երիտասարդ Գագիկ Խաչիկյանն է: Վաստակաշատ մարզիչ Աշոտ Գասպարյանի անձնական սանը 76 մասնակիցների պայքարում գրավեց գոհացնող  31 –րդ տեղը: Ճիշտ է, նա եզրափակիչ մտած 24 մարզիկների շարքում տեղ չունեցավ, բայց հաշվի առնելով մրցափորձի պակասը և բազմամարտի դժվարությունները, պետք է գնահատել հեռանկարային մեր մարմնամարզիկի վստահ, համարձակ մրցելույթները և զբաղեցրած դիրքը:

Առանձին գործիքների եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 21 –ին:Մինչ այդ, մյունխենյան ստուգատեսում, այսօր, դժվարին խնդիր ունի լուծելու մեր երիտասարդական հավաքականը: Դրանում ընդգրկված են    Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը: Նրանցից յուրաքանչյուրը կմասնակցի առանձին գործիքների, բազմամարտի և թիմային  պայքարին:

Կարծում ենք հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարած մարզչական կազմը, ինչպես ասում են, տեղը կպահի մեր երիտասարդականի մարտունակությունը և նրան  կմղի հաջողության:

 

 

Այլ նորություններ