Մարզասերները երևի չեն մոռացել, որ անվանի հրաձիգ Նորայր Բախտամյանը Հայաստանի մարզիկներից առաջինն էր արժանանում օլիմպիական խաղերի մասնակցության արտոնագրի: Նրա ավանդույթը կարծես շարունակում է շնորհալի նշանառու Էլմիրա Կարապետյանը:
Հայտնի է, որ Կահիրեում անցկացված աշխարհի առաջնությունում Էլմիրան 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակով, 10 մ 60 կրակոցով 600 հնարավորից վաստակեց 582 միավոր և առաջին իսկ փորձով դարձավ օլիմպիական:
ՀՀ հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մարզաձևի հանրապետական ՄՊՄԴ –ի տնօրեն Արեգ Սարիբեկյանը զրույցում ասաց, որ առաջին շնորհավորանքը ստացել են մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռադներից:
Երևանցի դիպուկահարը 7 –րդ արդյունքով է մտել եզրափակիչ և ուժեղագույն ությակի պայքարում ճանաչվել է հինգերորդը:
Նրա մասնակցությունը Փարիզ – 2024 օլիմպիական ամառային 33 –րդ խաղերին պաշտոնական գրությամբ օրերս հաստատել է նաև հրաձգության միջազգային ֆեդերացիան:
Առաջիկայում մեր հրաձիգները կմասնակցեն Լեհաստանում նշանակված միջազգային մրցաշարին: Մենք ունենք բարձրակարգ վարպետներ, որոնցից նույնպես հաջողություն ենք ակնկալում պաշտոնական ու վարկանիշային մրցաշարերում: Այդ ստուգատեսները նաև կհարստացնեն մեր մարզիկների մրցափորձը:
Անդրադառնալով Էլմիրա Կարապետյանին, շատ ենք ուզում, որ մարզական երկարակեցությամբ, հաղթանակներով և ռեկորդային ցուցանիշներով նմանվի համաշխարհային մեծ ճանաչում ու հեղինակություն ունեցած, Հայաստանի կանանց սպորտի խորհրդանիշ, երևանցի Զինաիդա Սիմոնյանին: