ՍՊԱՍԵԼԻՔՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ

11:37 - 28 Նոյ, 2022

Իսպանիայի Լա Նուսիա քաղաքին հրաժեշտ տվեցին բռնցքամարտի  աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցները: Այսօր ցերեկը հայրենիք կվերադառնա նաև Հայաստանի հավաքականը: Դիմավորողներն առավել ջերմորեն կողջագուրվեն  չեմպիոնի ՝ Էրիկ Իսրայելյանի հետ:

Մեր ոսկե դափնեկիրը փայլուն անցկացրեց մրցաշարը, տոնեց հինգ հաղթանակ, որից երեքը բացարձակ առավելությամբ և երկուսը՝ բացահայտ, այսինքն ՝  ժամանակից շուտ:

Կիսաեզրափակիչի ավարտից հետո արդեն հայտնի դարձավ , որ երևանցին մրցելու է վրացի Գոչա Գորդուլավայի  հետ, որին երկու անգամ նոկդաունի էր ենթարկել ապրիլին անցկացված Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում: Սցենարը կրկնվեց նաև աշխարհի առաջնությունում  /  5 : 0 / և մեր մարզիկը Եվրոպայի չեմպիոնի կոչմանը ավելացրեց նաև աշխարհինը:  

<< Դիմամո >>  մարզընկերության ներկայացուցչի  հաջողությունը Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկների պատմությունում թվով երրորդն է: Մինչ այս աշխարհի առաջնություններում, իրենց քաշային կարգերում առաջինն են ճանաչվել գյումրեցի գերծանրքաշային Բագրատ Օհանյանը  և երևանցի  կիսածանրքաշային Նիկոլ Հարությունյանը: Եվ ահա, տասնամյա ընդմիջումից հետո, աշխարհի երիտասարդական ստուգատեսի հաղթողի պատվին արժանացավ 60 կգ քաշային, երևանցի Էրիկ Իսրայելյանը:

Ուզում ենք հավատալ, որ  անվանիներ  Իսրայել Հակոբկոխյանից և Նշան Մունչյանից հետո,  աշխարհի մեծահասակների ստուգատեսներում  երրորդ  ոսկե մեդալը Հայաստանի համար կնվաճի դարձյալ Էրիկ Իսրայելյանը:

Շնորհավորում ենք նորընծա չեմպիոնին, նրա անձնական մարզիչ Արմեն Հակոբյանին, Վազգեն Բադալյանին և նրա ղեկավարած հավաքականի մարզչական խորհրդին, մարզաձևի համապետական ֆեդերացիային, մարզասերներին ու նոր հաղթանակներ ակնկալում կաշվե ձեռնոցի մեր ներկայացուցիչներից:

 

 

Այլ նորություններ