
Ամերիկյան NBCUniversal հեռուստաալիքի տվյալներով՝ 25 –րդ ձմեռային խաղերի դիտման միջին ցուցանիշը NBC, Peacock, CNBC, USA Network և այլ թվային հարթակներում կազմել է 23.5 միլիոն, ինչը 96%-ով ավելի է չորս տարի առաջ Պեկինում կայացած մարզահանդեսից: Այս առումով 2026թ. խաղերը գերազանցել են Փհենչհանի, բայց զիջել են Սոչիի օլիմպիական խաղերին։
«Շատ ցուցանիշներով խաղերը գերազանցեցին մեր սպասելիքները։ Մենք կրկին տեսանք, որ օլիմպիական ստուգատեսը ամենահետաքրքիր, անկանխատեսելի և մասշտաբային մարզական միջոցառումն է։ Իտալիայում տեղի ունեցածը զարմանալի է՝ ապշեցուցիչ տեսարաններ, մարզիկների և նրանց անձնական կյանքի աննախադեպ հասանելիություն և տեխնոլոգիա, ինչը թույլ տվեց հեռուստադիտողներին ընկղմվել մարզիկների պատմությունների մեջ ավելի խորը ձևով», - ասել է NBC-ի գործադիր պրոդյուսեր Մոլի Սոլոմոնին, որը պատասխանատու էր 2026թ. խաղերի լուսաբանման համար։
ԱՄՆ-ի և Կանադայի միջև կայացած հոկեյի մրցամարտը դիտել է 20.7 միլիոն հեռուստադիտող: Գագաթնակետը հասավ, երբ Նյու Ջերսի Դևիլսի հարձակվող Ջեք Հյուզը խփեց հաղթական գոլը՝ ուղիղ եթերում դիտեց 26 միլիոն մարդ:
Մարզահանդեսի ընդունող երկրում պետական հեռարձակող RAI-ն հաղորդել է, որ բացման արարողությանը հետևել է ավելի քան 9 միլիոն հեռուստադիտող: Ամենադիտված միջոցառումների շարքում են եղել կանանց դահուկավազքը, որտեղ իտալացի Սոֆիա Գոջիան նվաճել է բրոնզե մեդալ, և լեռնադահուկային սպորտը, որտեղ հաղթել է մեկ այլ տեղացի մարզիկ՝ Ֆեդերիկա Բրինյոնեն։
«Միլանում և Կորտինայում վերջերս ավարտված ձմեռային օլիմպիական խաղերը անմոռանալի իրադարձություն էին սպորտային աշխարհում և դրանից դուրս։ RAI-ն այս միջոցառումները հեռարձակել է յուրաքանչյուր իտալացու տանը՝ սահմանելով ռեկորդային վարկանիշներ և գրավելով աննախադեպ լսարան», - ասել է RAI-ի գործադիր տնօրեն Ջամպաոլո Ռոսսին։