Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտվեց սպորտային մարմնամարզության World Challenge Cup միջազգային մրցաշարը: Հայաստանի երկու պատվիրակները իրենց հաշվին չորս մեդալ գրանցեցին: Հավաքականի առաջատար, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը առաջինը ճանաչվեց իր նախասիրած հենացատկում: Երևանցին երրորդն էր օղակների վրա և նժույգթափերում:
Օղակների վրա վարժությունում կատարողական վարպետությամբ մրցակիցներին գերազանցեց և առաջին տեղը գրավեց Արթուր Ավետիսյանը:
Ստուգատեսը իր շարունակությունը կունենա Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում: World Challenge Cup մրցաշարի հերթական փուլը կանցկացվի հունիսի 8-ից 11-ը: Նշած մեդալակիրներից բացի, Խորվաթիայում կմրցեն նաև Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը և կանանց մրցումների մասնակից Մանե Պողոսյանը: Նրանց գործիքների մոտ կուղեկցեն մարզիչներ Հայկ նազարյանը և Քնարիկ Բրսոյանը:
Մրցավարական հանձնաժողովը դարձյալ կհամալրի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը: