Երևանին գոհունակությամբ հրաժեշտ տվեցին սուսերամարտի միջազգային մրցաշարի մասնակիցները: Հյուրերը բարձր գնահատեցին մարզաձևի համապետական ֆեդերացիայի կատարած կազմակերպական աշխատանքները:
Գոհ մնացին նաև Հայաստանի երիտասարդական առաջին և երկրորդ հավաքականների ներկայացուցիչները: Դիտարժան և դրամատիկ պայքարում անցավ խոցասուսերակիրների ՝ Հայաստան – Բելառուս թիմերի մրցավեճը: Մինչ այդ Գրիգոր Մնացականյան, Ալիկ Նավասարդյան, Սերգեյ Մկրտչյան և Դավիթ Վարդանյան քառյակը հաղթել էր մարզաձևի ասիական դպրոցի ներկայացուցիչներ Իրանի և Ուզբեկստանի մարզիկներին: Այլ էր բելառուսցիների հետ ծավալված եզրափակիչի պայքարը: Եվրոպական դպրոցը ներկայացրած մրցակիցների մրցավեճում հուզումնալից պահերը իրար էին հաջորդում: Ի վերջո մեկ միավորի առավելությամբ / 45 : 44 / հաղթեցին մեր տղաները: Մրցանակային եռյակը եզրափակեց տանտերերի երկրորդ թիմը:
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանը ասաց, որ հոկտեմբերի վերջին տասնօրյակին կանցկացվի ՀՀ պատանեկան առաջնությունը: Ստուգատեսը ցույց կտա, թե հերթափոխին ինչ տվեց անցկացված միջազգայինը: