ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ

15:37 - 12 Ապր, 2024

Այս մրցաշրջանը մեր աթլետների համար հարուստ է մարզական միջոցառումներով: Այս մասին համոզվեցինք ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, գիտությունների թեկնածու Գրիգոր Բարսեղյանի հետ ունեցած զրույցում: Նա ասաց, որ մայիսին մերոնք կմասնակցեն երկու մրցաշարի: Նախ Արտաշատում կանցկացվի երկրի առաջնությունը: Աչքի ընկածները կմեկնեն Թուրքիայի Իզմիր մասնակցելու Բալկանյան երկրների առաջնությանը:  Այդ ստուգատեսից հետո մեր երկու առաջատար մարզիկներ կմեկնեն Հռոմ ՝ Եվրոպայի առաջնություն: Կհաջորդի   Ջիբրալթարում հունիսին նախատեսված  Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը:

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի աջակցությամբ, մինչ օլիմպիական խաղերի մեկնարկը, մեր թիմը  համապատասխան ժամկետներում ուսումնամարզական երեք հավաք կանցկացնի Լիոնում ՝ Ֆրանսիայի և էլի մի քանի երկրների աթլետների հետ համատեղ:

Նախապատրաստական մարզումային – մրցումային խիտ գրաֆիկը կնպաստի մերոնց լավ մարզավիճակի հասնելու, ցանկալի արդյունքներ գրանցելու, որպեսզի ներկայացուցիչներ ունենանք Փարիզի օլիմպիական խաղերում:

Նպատակային գործընթացի մեկնարկը կտրվի  վաղը ՝ ապրիլի 13 –ին: Երևան – Լիոն ուղիղ չվերթով Ֆրանսիայի նշած քաղաք՝ 14 - օրյա հավաքի  կմեկնի ՀՀ հավաքականը: Թիմի գլխավոր մարզիչ, գյումրեցի  Գրիգոր Բարսեղյանը, նրա գործընկերներ, վանաձորցի Գոռ Ներկարարյանը և երևանցի Գեղամ Տեր – Գրիգորյանը մարզումների կուղեկցեն վազորդներ և ցատկորդներ, գյումրեցիներ  Երվանդ Մկրտչյանին, Ռազմիկ Ղազարյանին, կապանցիներ Գոռ Բեգլարյանին, Յանա Սարգսյանին, երևանցիներ Դավիթ Սարգսյանին, Գայանե Չիլոյանին, Մելինե Ադամյանին, վանաձորցի Էլլադա Ալավերդյանին և արտաշատցի Ռոման Ալեքսանյանին:

Հարգելի պատճառով արտագնա  առաջին հավաքին չի մասնակցի առաջատարներից կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը:

 

Այլ նորություններ