Լողի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռաֆաել Վասիլյանը որոշակի հույսեր է փայփայում Արթուր Բարսեղյանի հետ: Այդ մարզիկը արժանի է, և կարող է դառնալ Փարիզի օլիմպիական խաղերի մասնակից, քանզի նա << արագ վայրկյաններ >> է ցույց տալիս ազատ լողաոճում: Իսկ ուղեգիր ունենալու հարցը կորոշվի հունիսի 17 – 23 –ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: Այն օլիմպիական վարկանիշային բնույթի ստուգատես է:
Մեր զրուցակիցը լավատես է նաև մրցավայր մեկնող մարզուհիների նկատմամբ: Արթուրից բացի, վաստակաշատ մարզիչ Արմինե Ավետիսյանը Բելգրադ կուղեկցի նաև չորս լողորդուհու՝ Վարսենիկ Մանուչարյանին, Եվա Կարապետյանին / երկուսն էլ ՝ բատերֆլայ ոճ /, Անի Պողոսյանին / ազատ ոճ / և Դիանա Մուսայելյանին / համալիր լող /:
ՀՀ հավաքականը ուսումնամարզական հերթական հավաքը Ծաղկաձորում կավարտի մայիսի 26 –ին և << կիջնի >> մայրաքաղաք:
Մարզումները Երևանում կանցկացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող << Ռիբոկ >> 50 մետրանաոց լողավազանում: Մասնագետները հիմնականում ուշադրություն կհատկացնեն մարզվողների տեխնիկատակտիկական որակների բարելավմանը:
Իսկապես դժվարին խնդիր է առաջադրված լողորդներին: Նրանք նույնպես մեծ ցանկություն ունեն մարզիչների հույսերն արդարացնելու և օլիմպիական դառնալու համար:
Ի դեպ, Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը օլիմպիական խաղերում հանդես գալու փորձ ունեն և մասնակցել են նախորդ ՝ Տոկիոյի համաշխարհային մարզահանդեսին: Այն ժամանակ Արթուրին շնորհավորելու առիթ ունեցանք:
Տղամարդկանց 100մ. լողաոճում, 72 մասնակիցների պայքարում, 38 –րդ հորիզոնականում էր հանգրվանել մեր պատվիրակը: Արդյունքը այնքան էլ գոհացնող չէր: Բայց ուրիշ է, երբ մարզիկը գերազանցում է իր երկրի բարձրագույն նվաճումը: Մեր Արթուր Բարսեղյանը նշած մրցատարածությունն անցավ 49, 78 վայրկյանում: Իր լողահերթում, ութ մրցակիցների պայքարում, նա վերջնագիծը հատեց երկրորդը: Այդուհանդերձ Արթուրը դուրս մնաց պայքարի շարունակությունից, քանզի 16 առաջատարների շարքում տեղ չունեցավ:
Շատ ենք ուզում, որ այս տարի էլ լողորդներին շնորհավորելու առիթ ունենանք: