ԱՐԾԱԹՆ ԷԼ ԱԶՆԻՎ ՄԵՏԱՂ Է

23:37 - 07 Օգո, 2024

Անթիվ – անհամար են Հայաստանի ամենատիտղոսակիր գործող մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նվաճումները: Դրանք գրեթե քառորդ դարի տքնաջան պարապմունքների արդյունք են: Այո, հեշտ չէ երկար տարիներ լավագույնը լինել մարզաձևում:  Գյումրեցի 32 –ամյա մարզիկը, ենթադրում ենք, վարպետության ու կարգով լավագույնն էր նաև Փարիզի օլիմպիական խաղերում, որտեղ ճանաչվեց երկրորդը:

Իրանի Իսլամական հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ տեղի ունեցավ Փարիզի օլիմպիական խաղերի  ոսկե մեդալի համար պայքարը: Հայ մարզասերը տեղյակ էր, գիտեր, որ մինչ այս, 97 կգ քաշային  այդ ըմբիշները միմյանց  հետ մրցել են երեք անգամ և միշտ հաղթել է մեր Արթուրը:

Ոսկու համար գոտեմարտում  Արթուրը դարձյալ առաջինը միավոր վաստակեց: Ավաղ, այդ միավորը նաև վերջինն էր անվանի  հայորդու համար, քանզի նա մրցակցին տանուլ տվեց 1 : 3 հաշվով:

Հայաստանցի մեծանուն չեմպիոնը այս անգամ բավարարվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալով ու այդ առթիվ շնորհավորում ենք մրցագորգի ազնիվ վարպետ Արթուր Ալեքսանյանին:  

 

 

Այլ նորություններ