Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին:
Բախը դիմել է վեհաժողովի մասնակից համաշխարհային առաջնորդներին և շնորհակալություն հայտնել՝ սպորտը ապագայի համար պայմանագրի մեջ ներառելու համար: Այդ ուղենշային փաստաթուղթը ընդունել են ՄԱԿ-ի 193 անդամ երկրներ:
Մշակույթը, ինչպես նաև սպորտը, անհատներին և համայնքներին տալիս է ինքնության ուժեղ զգացում և նպաստում է սոցիալական համախմբվածությանը:
Փաստաթղթում ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվում են ներդնել բոլորի համար մատչելի, անվտանգ, ներառական և հավասար որակյալ կրթություն, ներառյալ՝ ֆիզիկական դաստիարակությունը և սպորտը:
ՄԱԿ-ի գագաթնաժողովում ՄՕԿ-ի նախագահն ասել է՝ մենք ուրախ ենք, որ չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, կարողացանք համախմբել բոլոր 206 ազգային օլիմպիական կոմիտեների մարզիկներին և ՄՕԿ-ի փախստականների հավաքականին: Փարիզի օլիմպիական խաղերի ժամանակ նրանք միմյանց հետ մրցում էին, ապրում մեկ հարկի տակ, միասին սնվում, կիսվում իրենց փորձով ու հույզերով: Նրանք հարգում էին միմյանց, նույնիսկ այն դեպքում, երբ իրենց երկրները միմյանց դեմ պատերազմում էին: Այդ ամենի միջոցով օլիմպիականները ստեղծեցին խաղաղության մշակույթ՝ ցույց տալով, թե ինչպիսին կլիներ մեր աշխարհը, եթե մենք բոլորս ապրեինք խաղաղ համակեցության՝ օլիմպիական ոգով: