ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԵԶՐԱԳԾՈՒՄ

11:37 - 16 Դեկ, 2024

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտվեց   ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի մարզիկները, երկամարտի գումարով, մեկական մեդալ նվաճեցին մեր հավաքականի՝ մեկնարկում և եզրագծում: Նրանք երկուսն էլ գյումրեցի են:

Առաջինը, ինչպես հայտնի է,  պատվո պատվանդան բարձրացավ Ալեքսանդրա Գրիգորյանը / 55 կգ /: 19 - ամյա մարզուհին երկամարտում ճանաչվեց երրորդը՝   205 կգ / 85 կգ + 120 կգ /:

Առաջնության վերջին օրը մրցահարթակը տրամադրվեց գերծանրքաշայիններին: Չափազանց հետաքրքիր ու լարված պայքար ծավալվեց մասնակիցների միջև: Յուրաքանչյուր մոտեցմամբ,  աթլետները իրենց քաշային կարգին համապատասխան, ծանրացնում էին կիլոգրամները:

Պոկում վարժությունում, առաջատար դիրքում լինելու  համար, մեր Վարազդատ Լալայանը իր ամեն մի ելույթով հուսախաբ էր անում մյուսներին՝ ավետելով, որ  հայն է լինելու աշխարհի ամենաուժեղ մարդը: Սա ասելով նկատի ունենք նաև իր համաքաղաքացի, Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկած աշխարհի և  օլիմպիական խաղերի  փոխչեմպիոն Գոռ Մինասյանին: Իսկապես, մեր վարպետները պոկում վարժությունում, նշած հաջորդականությամբ,  գրավեցին առաջին և երկրորդ տեղը:

Պայքարն ավելի շիկացավ հրումում: Գոռը մեզ համար անհասկանալի պատճառներով ձախողվեց նախնական երկու մոտեցումներում: Մեկ անգամ << սայթաքեց >> նաև Վարազդատը: Լավ է, որ նա սթափվեց և հաջորդ մոտեցումը ճիշտ կատարեց ու դարձավ բացարձակ առաջատար ՝ 467կգ / 215 կգ + 252 կգ /: Մյուս մրցակիցները, մանավանդ Իրանի երկյակը, ծանրաձողի դեմ անողոք պայքար մղեցին Վարազդատին հասնելու համար, բայց նրանց  << վառոդամանը >>  արդեն . . .  դատարկվել էր:  

Ափսոսանքով նշենք, որ հրաշալի մարդ և ծանրորդ Գոռ Մինասյանը երկրորդ տեղից մղվեց երրորդ, ապա ՝ չորրորդ տեղը՝ 455 կգ  / 210 կգ + 245 կգ /:

Շնորհավորում ենք աշխարհի նորընծա չեմպիոն և Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն  Վարազդատ Լալայանին ու նրանից ակնկալում նոր հաղթանակներ:

Այլ նորություններ