ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԴԺՎԱՐԻՆ ՄՐՑԱՊԱՅՔԱՐՈՒՄ

11:27 - 17 Փետ, 2025

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվեց Բալկանյան երկրների աթլետիկայի  ձմեռային բաց առաջնությունը: Միջոցառմանը հայտավորված էր հայաստանցի յոթ մարզիկ:

Առավել վստահ հանդես եկավ մեր առաջատար, գյումրեցի վազորդ, Երվանդ Մկրտչյանը: Նա 1500 մետր տարածությունը անցավ 3. 49 , 82 ժամանակում, գրավեց առաջին տեղը և կանգնեց պատվանդանի  չեմպիոնական աստիճանին: Հիշեցնենք, որ Երվանդի անձնական մարզիչն է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը:

Սպասելիքները արդարացրեց նաև արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը: Նա  ցույց տվեց 16, 10 մետր արդյունք և գրավեց երկրորդ տեղը։ 21 –ամյա Գոռը մարզվում է վաստակաշատ մասնագետ Գրիգոր Սիմոնյանի և Գառնիկ Հովակիմյանի ղեկավարությամբ:

Մրցավարտից հետո մեր թիմը տեղում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացում: Գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ նպատակ ունեն մասնակցել փետրվարի 22 –ին մեկնարկելիք Սերբիայի ձմեռային առաջնությանը: Դա առավել կհարստացնի մեր մարզիկների մրցափորձը: Գրիգոր Բարսեղյանը նաև նշեց , որ արդեն կողմնորոշվել է Հոլանդիայում մարտի 6 – 9 –ը կայանալիք Եվրոպայի ծածկած մարզասրահների  առաջնությանը մասնակցող մեր երկու աթլետների հարցում և տվեց  վերը նշած մեր մեդալակիրների անունները:   

Ի դեպ, բելգրադյան առաջնությունը մասնակիցների առումով բավականին ներկայացուցչական է եղել: Դատեցեք ինքներդ. մրցումներին  մասնակցել են 22 երկրների մարզիկ- մարզուհիներ:

Այլ նորություններ